Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, այսօր՝ հուլիսի 6-ին, ընթանում է «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը։
Նախորդ դատական նիստից հետո Չարչյանի պաշտպաններն ասացին՝ դատարանում վերահաստատել են իրենց դիրքորոշումն առ այն, որ առկա չէ հիմնավոր կասկած, եւ, որ Արմեն Չարչյանն առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Նրան կալանավորելու որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Նա գտել էր, որ քննությանը խոչընդոտելու հիմքն առկա է։
Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի ՝դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։











