Դա այն հարցը չէ, որ պետք է այստեղ քննարկենք, քանի որ ցանկացած տարբերակ կարելի է դիտարկել: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որը դիմել է վարչապետի պաշտոնակատարին մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները վերաբացելու համար:
«Այդ դեպքում հարց, իսկ ինչո՞ւ միայն մշակույթը, ինչո՞ւ ոչ սպորտը, ինչու ոչ կրթությունը օրինակ և այլն: Ես չեմ պատրաստվում հստակ դիրքորոշում արտահայտել պարզ պատճառով, որովհետեւ բոլոր մոտեցումներն էլ ընդունելի են: Եղած 5 ուղղություններվ կարելի է այնքան կոմբինացիաներ անել: Օրինակ, կարող ենք 5-ն էլ առանձնացնել, կամ կարող ենք զույգերով խմբավորել եւ այլն: Բոլոր տարբերակներն էլ կարելի է այս կամ այն կերպ հիմնավորել կամ քննադատել: Եթե օրը գա, որ քննարկի այդ հարցը, կքննարկվեն բոլոր առաջարկները, պատասխանատու ուժերը կկայացնեն որոշում: Նման հարցերին չի կարելի տալ միարժեք, անբեկանելի պատասխան: Նա էլ է հնարավոր, նալ է, նա էլ: Թե իշխանությունը որը նպատակահարմար կգտնի, դա ժամանակը ցույց կտա: Սա անձամբ իմ քննարկելու հարցը չի: Դա կառավարության կառուցվածքի հարց է, քաղաքականության հարց է»,- ասաց Դումանյանը:











