Հուլիսի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն երիտասարդը վնասվածք ստանալու վերաբերյալ ոստիկաններին ոչինչ չհայտնեց: Իրավապահները ստիպված էին հանցագործությունը բացահայտել օպերատիվ-հետախուզական միջոցառումներով: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները Աղավնաձոր գյուղից բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 30-ամյա մի բնակչի:
Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ինքն է դանակահարել համագյուղացուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությամբ հանգամանքները պարզվում են:











