Դեռ նախորդ պատերազմի վերջերը չբուժված, դեռ այդ շոկայի վիճակներից դուրս չեկած, դեռ կորստյան մտքի հետ չհամակերպված՝ Հայաստանի Հանրապետությունը կրկին ներքաշվել է պատերազմի մեջ, որովհետև մեր ագրեսոր հարևանը այս անգամ աչք է դրել արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Այս պահին թերևս մենք պետք է խնդրենք, որ միջազգային հանրությունը կոչ անի, բայց մենք այդ կոչերը արդեն լսել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանք չեն կանխում մեր որդիների կորուստը։ Մենք ավելի գործուն քայլեր ենք ակնկալում այս պահին թե՛ միջազգային հանրության, թե՛ մեր ռազմավարական դաշնակցի կողմից, որը մեզ տասնյակ տարիներ համոզել է, հավատացրել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա որևիցե հարձակում ստանալու է համարժեք պատասխան։
Այսօր հենց այդ իրավիճակն է, և ես հուսով եմ, որ մեր ռազմավարական դաշնակցի հեղինակությունը, ինչպես նաև կարողությունները կօգնեն վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
Հարգելի դաշնակից և գործընկերներ, երբեք չկասկածեք, որ պայմանագրով ֆիքսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունները կկատարվեին ճիշտ ժամանակին, եթե դուք ունենայիք օգնության կարիք։ Երբեք չկասկածեք, որ եթե դուք ունենայիք օգնության կարիք, առաջինը Հայաստանի Հանրապետությունն էր այդ օգնության ձեռքը ձեզ մեկնելու։ Այսօր մենք ունենք այդ օգնության կարիքը և այսօր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու քաղաքացու ապրելու իրավունքն է վտանգված, և մենք սպասում ենք համապատասխան քայլերի»,-հայտարարեց պատգմավորը։











