Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Անկարայից, որը հազիվ թե այրվում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի TALK TIME հաղորդաշարին, ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Գործընթացը, նրա խոսքով, բխում է Հայաստանի շահերից, սակայն հարցն այն է, թե ինչպես կարելի է այն առաջ մղել՝ գավառական մեթոդներով, թե գրագետ դիվանագիտական ուղիներով՝ սպառնալիքի տակ չդնելով ազգային շահերը։

«30 տարիների ընթացքում Հայաստանը բազմիցս դիմել է այդ քայլին, սակայն միշտ խանգարել է Թուրքիայի կոշտ դիրքորոշումը եւ այն փաստը, որ հայկական դիվանագիտությունը երբեք բարձունքի վրա չի եղել։ Ռուբեն Ռուբինյանին Հայաստանից հատուկ ներկայացուցիչ նշանակելով՝ այս մակարդակը «պլինտուսից» ցածր է իջել»,- նշեց նա։

Կիվիրյանն ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացն իրականացվում է երկու զուգահեռ ուղղություններով՝ «3+2» ռուս-թուրքական ձեւաչափի եւ հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ արեւմտյան նախագծի շրջանակներում։

«Բացառված չէ, որ Մոսկվան ինչ-որ ներգրավվածություն ունենա երկրորդ ձեւաչափում»,- հավելեց վերլուծաբանը։