«Հայաստան» խմբակցությունը մեկ օրակարգ ունի, որով մենք մտանք խորհրդարան, եւ այսօր ոչինչ չի փոխվել։ Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդաշարի եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենք ցանկանում են հասնել գործող իշխանության հրաժարականին, որը մեղավոր է հայ ժողովրդի բազմաթիվ աղետների համար։ «Եվ մենք հասնելու ենք մեր օրակարգի իրականացմանը, բայց ոչ նոր նախագահական ընտրություններին մասնակցելու հաշվին։ Բոլորի համար ակնհայտ է, որ նախագահական ընտրություններն արդեն, ըստ էության, կանխորոշված են։ Գործող սահմանադրությունը թույլ է տալիս նրանց նշանակել իրենց դրածոյին, սակայն երկրորդ փուլում»,- նշեց Վարդանյանը։ 

Ավելին, ինչպես նշեց պատգամավորը, գործող իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում, որ իրենց պետք է իրենց հետ «ներդաշնակ» աշխատելուն պատրաստ նախագահ։ «Այսինքն՝ Հայաստանի գործող իշխանություններին պետք է հնազանդ կատարող, այլ ոչ թե անկախ նախագահ»,- եզրափակեց Վարդանյանը։