Ադրբեջանա-թուրքական տանդեմն այժմ փորձում է օգտվել ռուս-ուկրաինական պատերազմից եւ հասնել իր նպատակին, որն արձանագրվել է «Շուշի հռչակագրում»։ Նրանք ուզում են Սյունիքով միջանցք ստանալ ու միավորվել։ Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Ինձ համար չափազանց անհասկանալի է Հայաստանի իշխանության՝ թուրքական կողմի հետ բանակցությունները շարունակելու ցանկությունը եւ խաղաղության դարաշրջանի մասին խոսելը եւ այլն։ Հետաքրքիր է՝ հիմա ի՞նչ են քննարկում թուրքերի հետ։ Չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված իշխանության կաշկանդվածությունը, բայց կարող եմ ենթադրել, որ նրանց առջեւ խնդիր է դրված ամեն գնով կարգավորել հարաբերությունները թուրքերի հետ»,- ասաց նա։
Հակոբյանը հիշեցրեց, որ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո երբեք չի այցելել Արցախ։
«Ինքներդ եզրակացություններ արեք։ Թող բացատրի՝ ի՞նչ բանակցություններ են քննարկվել։ Ի՞նչ հանձնելու մասին էիք խոսում։ Ինչի՞ դիմաց են տվել այդ «5+2»-ը։ Ի՞նչ կարգավիճակ է ստացել Արցախը։ Նրանք անընդհատ խոսում են հող հանձնելու մասին, բայց թող խոսեն շարունակության մասին՝ ի՞նչ ենք ստացել «5+2»-ի դիմաց եւ ի՞նչ ունենք հիմա»,- հավելեց պատգամավորը։
Ըստ նրա՝ քաղաքական տեսակետից Արցախում որոշակի ցնցումներ կան, Հանրապետությունում քաղաքականությունը փոքր-ինչ փոխվել է։
Նա ասաց, որ դեռ կոնկրետություն է սպասում Փաշինյանից, որը վերջերս կրկին խոսեց «թալանչիների» մասին։











