Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելու համար չկա համապատասխան միջավայր եւ գործողություններ։ Այս մասին մարտի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։
Նա նշեց, որ վերջին երկու շաբաթվա գործընթացները, Ադրբեջանի ստեղծած էսկալացումը եւ հումանիտար խնդիրները ցույց են տալիս, որ խաղաղության մասին խոսելու համար չկա համապատասխան միջավայր, չկան գործողություններ, Բաքվի կողմից դրանք անկեղծ չեն:
Գրիգորյանը պարզաբանեց, որ իր մտահոգությունը կապված է նրա հետ, որ հայտարարությունները պետք է հաստատվեն գործողություններով։ Հայաթափման նպատակով Ադրբեջանի ճնշումների եւ ահաբելման քաղաքականությունը, նրա գնահատմամբ, հետեւողական բնույթ է կրում։ «Այն փաստը, որ չէր թույլատրվում նորոգել գազատարըլ, վկայում է այն մասին, որ մեկ կենտրոնից տարվող քաղաքականություն է վարվում՝ էթնիկ զտումների եւ հայաթափության նպատակով: Ղարաբաղ կատարած այցի ժամանակ եղել եմ նաեւ Խրամորթում, զրուցել գյուղացիների հետ։ Իմ այցելության պահին արդեն մեկ շաբաթ հոգեբանական ճնշում էր գործադրվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Բնակչության հոգեբանական վիճակը մտահոգիչ է»,- նշեց օմբուդսմենը։
Նա ընդգծեց, որ Ղարաբաղ կատարած իր այցից հետո ինտենսիվ հրետակոծություններգ, ազի անջատումներ գրանցվեցին, մարդասիրական անտանելի վիճակ ստեղծվեց։ «Իմ այցի շրջանակներում ես եղա նաեւ Ստեփանակերտի ժամանակավոր կացարաններում, որտեղ տեղահանված քաղաքացիներ են։ Խնդիրներ կան բնակարանների առկայության հետ կապված, եւ Ղարաբաղի կառավարությունն այս ուղղությամբ լայնածավալ ծրագիր է իրականացնում։ Բացի այդ, կա զբաղվածության, բնակչության սոցիալական ինտեգրման խնդիր»,- հավելեց Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ ծանոթ է Սյունիքի մարզի Ներքին Հանդում տիրող իրավիճակի մասին հրապարակումներին, ուր մեկնել է Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը՝ բնակչության կենցաղային պայմաններին, անվտանգության պայմաններին ծանոթանալու համար։ «Խնդիրները կարձանագրվեն: Մենք կներկայացնենք մեր առաջարկները։ Ես ինքս նախատեսում եմ ապրիլի սկզբին այցելել մարզ եւ պատրաստվում եմ հանրության հետ կիսվել այցի արդյունքներով։ Եթե լինեն սեփականության իրավունքի խախտման դեպքեր, դրանք կարձանագրվեն»,- ասաց օմբուդսմենը:
Պատասխանելով նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի գործողությունների համեմատ ուշացած արձագանքի հետ կապված մեղադրանքներին՝ նա նշեց, որ օգտակար չի համարում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի համար առաջինն ինչ-որ բան հայտնելը հանրությանը։ «Օմբուդսմենի թիրախները պետք է լինեն մարդու իրավունքների հարցերը, այլ ոչ թե անվտանգության, զորքերի տեղաշարժին կամ ռազմական գիտելիքներ եւ տեղեկատվություն պահանջող այլ հարցերին առաջինն արձագանքելու ձգտումը: Մեզ վրա դրված չէ ՊՆ-ի հայտարարությունները հաստատելու կամ հերքելու գործառույթ, որն էլ առաջինը պետք է արձագանքի այդ հարցերին»,- հավելեց Քրիստինե Գրիգորյանը։
Օմբուդսմենը նաեւ վստահեցրեց, որ չի պատրաստվում հետ վերցնել Արման Թաթոյանի՝ Սահմանադրական դատարան ներկայացված որեւէ հայց:











