Այս իշխանություններն կեղծում են փաստաթղթերը, խաբում են ժողովրդին և այնքան անբարո, սրիկաներ են, որ երբ մի բան են հայտարարում, չեն մտածում, որ մարդիկ կգնան և կկարդան համապատասխան փաստաթղթերը, այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, որ իշխանություններն ասում են, որ 1991-ին ՄԱԿ–ին միանալով է Հայաստանը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը, ըստ նրանց, ենթադրում է, որ Հայաստանն այդ ժամանակից ի վեր Արցախը դիտարկել է Ադրբեջանի կազմում։
«Այդպիսի մի իրավիճակում հայտնվեց Արարատ Միրզոյանը, երբ ասում է, որ ԱՊՀ հիմնադիր հռչակագրով ճանաչել է [Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը – խմբ․]։ ԱՊՀ հիմնադիր հռչակագրի առաջին մասում գրված է՝ հարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հարգել միմյանց նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, նոր վերջում՝ դրանից հետո, հարգել տարածքային ամբողջականությունը»,– ասել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել–չճանաչելու հարցին՝ Արտակ Զաքարյանը հարցադրում է արել, որ եթե դա այդպես է, ապա այդ դեպքում ի՞նչ էր քննարկում Մինսկի խումբը 1995-ից ի վեր։ «Բա չէին ասի՝ Հայաստան, դու ճանաչել ես, ինչ ես եկել ու աշխարհի գլուխը տանում։ Այսինքն՝ սրանք պրիմիտիվ տգետներ են։ Սրանց հետ ոչ մեկ՝ ոչ մի լուրջ մարդ, լուրջ կառույց, պետություն չի ուզի գլուխ դնել և կասի, որ եթե այս ժողովրդի ընտրած իշխանությունը սրանք են, ուրեմն այս ժողովուրդն էլ է անլուրջ»,– ասել է նա։
Հարցին, թե արդյոք ՀՀ քաղաքացին պատրաստ է բարեկամություն կամ դիվանագիտական հարաբերություն հաստատել Թուրքիայի հետ, հատկապես հաշվի առնելով 44-օրյա պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը, Արտակ Զաքարյանը պատասխանել է, որ իր տեսած բոլոր հարցումներով Թուրքիան համարվում է սպառնալիք։
«Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը այլ խնդիր է։ Եվ երբ մեր իշխանության ժամանակ մենք գնացինք այդ քայլին, աշխարհի խոշոր պետությունների երաշխիքը կար։ Երաշխիք համար մեկ, որ Արցախի հարցում Թուրքիան անելիք չունի։ Երաշխիք համար երկու, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակելու է մնալ միջազգային օրակարգի մաս։ Եվ երաշխիք համար երեք, որ մենք ընդամենը գնում ենք սահմանների բացման, որը Հայաստանին տալու դեպի ծով ելք, հնարավորություն տնտեսություն զարգացնելու»,– ասել է Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ եթե Թուրքիան անկեղծ ցանկանում էր կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, ապա հարց է առաջանում, թե ինչու այդ ժամանակ չշարունակեց կարգավորման գործընթացը։











