Ինչ-որ այլընտրանքային նախագիծ եք ներկայացրել, որ պետք է քննարկվի, մենք էլ մերժե՞լ ենք. չէ. այդ դեպքում չեմ հասկանում ձեր դժգոհությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, որոնք դժգոհում են, որ Հայաստանում «պատերազմից 5 պակաս» քննարկում են Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:

«Այո, կան այլ հարցեր, որոնք նույնպես կարող էին քննարկվել: Դուք նախաձեռնե՞լ եք այդպիսի բան: Պատասխանն է՝ ոչ: Հետեւաբար, ես չեմ հասկանում, օրինակ տիկին Խամոյան, մենք ձեզ գործի՞ց ենք կտրել, դուք էս պահին զբաղվում էինք անվտանգային խնդիրներով, ձեզ կտրեցինք գործխից, բերեցինք էս դահլի՞ճ: Չեմ կարծում»,-ասաց նա:

Ռուբինյանը նաեւ հավելեց. «Երեկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկումների արդյունքում, նաեւ քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանը առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ: Մեր ընդդիմադիր գործընկերներն ասել են, որ այդ ֆորմատն այնքան էլ ընդունելի չէ, ես կրկին վարչապետի հետ քննարկելով արել եմ երկրորդ առաջարկը՝ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում ԱԺ խորհրդի ֆորմատով: Ոչ դրական, ոչ բացասական պատասխան ես չեմ լսել:

Հարգելի գործընկերներ, ճիշտ եք, կան հրատապ քննարկելու հարցեր, եկեք քննարկենք այդ հարցերըառաջարկված ֆորմատով: Հակառակ դեպքում մի եկեք եւ այստեղ մի ասեք, որ կան հրատապ հարցեր, որոնք մենք չենք ուզում քննարկել: Ուզում ենք քննարկել, խնդրում եմ ձեր պատասխանը»,-ասաց Ռուբինյանը:

Նշենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է մի օրինագիծ, որով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։ Այս պահին նման իրավիճակ կա Վանաձորում:

«Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն այս առնչությամբ ասաց, թե հրատապ թեմա է ոչ թե Վանաձորում ստեղծված իրավիճակը, այլ՝ երկրում ստեղծված իրավիճակը, որը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության նիստում։

«Ինձ մոտ տպավորություն է, որ դուք կամ լուրջ չեք ընդունում ձեր ղեկավարի խոսքերը, կամ էլ չեք կարդացել ու չեք տեսել։ Երբ որ Հայաստանը գտնվում է պատերազմից հինգ պակաս, մենք այստեղ քննարկում ենք մի հարց, որը բացառապես առնչվում է այն համայնքներին, որտեղ ձեզ չի հաջողվել վերցնել իշխանությունը. որքանո՞վ եք ադեկվատ համարում ձեր պահվածքը», - հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։