Խորհրդարանական մեծամասնությունը կա՛մ չի հետեւում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, կա՛մ լուրջ չի վերաբերվում դրանց։ Այս մասին ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորը, մասնավորապես, իշխող կուսակցության ներկայացուցիչներին հիշեցրեց այն մարտահրավերների մասին, որոնց առջեւ այսօր հայտնվել են Հայաստանը եւ Ղարաբաղը։ Այս սպառնալիքներին, նրա խոսքով, նախօրեին իր ելույթում հանգամանալից անդրադարձավ նաեւ հանրապետության վարչապետը։ «Եւ այդքանից հետո իշխող մեծամասնությունն այդպիսի առաջարկով է հանդես գալիս՝ ներկայացված նախաձեռնությունը «հրատապ» անվանելով։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք կամ լուրջ չեք վերաբերվում ձեր ղեկավարի հայտարարություններին, կամ ծանոթ չեք դրանց բովանդակությանը»,- ասաց Խամոյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակում, երբ երկիրը պատերազմի շեմին է գտնվում, խորհրդարանական մեծամասնությունը, չգիտես ինչու, հրատապ է համարում մի շարք համայնքներում առկա խնդիրների լուծումը, որոնցում ընտրությունների ժամանակ իշխող ուժին չհաջողվեց հաջողության հասնել։ Նա հարցրեց հիմնական բանախոսին՝ որքանո՞վ է այդպիսի դիրքորոշումն ադեկվատ:











