Շուրջ ութ ամիս է՝ դատական գործերի ավտոմատ մակագրման համակարգը չի գործում։ Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 22-ին առգրավել էր մակագրման ծրագրի սերվերի եւ կառավարման բանալիները։ 

Նման աննախադեպ որոշման պաշտոնական հիմնավորումը այն է, որ համակարգիչը պետք է ուսումնասիրվեր ԱԱԾ–ում հարուցված քրեական գործի շրջանակում՝ ստուգելու ավտոմատ մակագրման համակարգի վրա հնարավոր արտաքին միջամտության վերաբերյալ կասկածները։ Ընդ որում, կոնկրետ ինչ քրգործի մասին է խոսքը, հայտնի չէ։ Ութ ամիս է՝ այս գործով ոչ մեղադրյալ կա, ոչ տուժող։

Արդյունքում՝ դատական գործերը, որոնք նախկինում համակարգիչն էր ավտոմատ մակագրում այս կամ այն դատավորին, արդեն ութ ամիս է՝ իր ընտրությամբ ձեռքով մակագրում է դատարանի նախագահը։ 

Սա իրավաբանների եւ դատավորների կարծիքով՝ դատական համակարգի անկախությունը, քանի որ ավտոմատ մակագրման համակարգը համարվում է անկախ դատական համակարգի երաշխիքներից մեկը:

Մոտ երկու շաբաթ առաջ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարեց, որ համակարգի բանալիները վերադարձվել են Բարձրագույն դատական խորհրդին։ 

Նույն օրը երեկոյան ԲԴԽ-ն հերքեց Աբրահամյանի հայտարարությունը։

«Համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել»,- հայտարարեց ԲԴԽ–ն։
Քիչ անց Գլխավոր դատախազի խորհրդականը վերահաստատեց իր գրառումը՝ Ֆեյսբուքում հրապարակելով ԲԴԽ ուղարկված փաստաթուղթը, որում նշվում է, որ ծրագիրը կարող է վերագործարկվել եւ շահագործվել։

Դրանից հետո ԲԴԽ-ն եւս երկու հայտարարություն արեց, համակարգը շահագործելու որոշում դեռեւս չեն ստացել։

Դատախազություն-ԲԴԽ հակասություններն ավարտվեցին մարտի 23-ին, երբ խորհուրդը, ի վերջո, հայտարարեց, որ դատախազության թույլտվությունը ստացել է։ Թվում էր, թե համակարգը վերջապես կվերագործարկվի, սակայն մոտ տասը օր է՝ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, համակարգը դեռ չի գործում։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը ասում է՝ երկար ամիսներ չգործելուց հետո համակարգը թարմացումների կարիք ունի եւ այս պահին հնարավոր չէ ասել՝ երբ այն նորից կգործի։

«Այս ընթացքում ավելացել են նաեւ Հակակոռուպցիոն դատարանները, որտեղ պետք է գործեր մակագրվեն, ապօրինի գույքի բռնագանձման գործերը, ավելացել են միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող գործերը, այս ամեն ինչ կկարգավորվի եւ համակարգը կգործարկվի»,- NEWS.am-ի հետ զրոււցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Բեքմեզյանի խոսքով՝ իրենք չէին կարող խոչընդոտել նախաքննական մարմնի աշխատանքին եւ թույլ չտալու բանալիների առգրավումը։ Բեքմեզյանը անհիմն է համարում իրավաբանների պնդումները, թե համակարգի բացակայության ութ ամսիների ընթացքում դատավորները կամայականորեն են որոշել՝ որ դատավորին ինչ քրեական գործ մակագրել։

«Չկա որեւէ ապացույց, որ որեւէ մակագրություն խախտել է, որովհետեւ եթե խոսում ենք նման ապացույցների մասին, մենք պետք է ունենանք դատական ակտեր։ Գոնե հարուցված քրեական գործեր, որոնք կհիմնավորեն կամ ցույց կտան, որ տվյալ մակագրումը եղել է հակաօրինական»,- ասաց Բեքմեզյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանի խոսքով՝ ԲԴԽ-ն կարող էր եւ պարտավոր էր պաշտպանել դատավորների անկախությունը, արդար դատաքննության իրավունքը։

«ԲԴԽ-ն առնվազն լռելայն համաձայն է եղել, որ այդ բանալիները առգրավվեն եւ տեղի ունենա ձեռքով մակագրում։ Շարժառիթը, թե ԲԴԽ-ն ինչու պետք է ուզենար կամ ցանկանար շատ պարզ է․ դատարանների գրեթե բոլոր նախագահները փոխվեցին ԲԴԽ-ի նախաձեռնությամբ։ ԲԴԽ-ի համար կանխատեսելի նախագահներ նշանակվեցին։ Դատարանների նախագահներն են ձեռքով մակագրում։ Սա էլ ամբողջ պատմությունը․ ձեռքով մակագրում են իրենց ցանկալի դատավորներին՝ իրենց ցանկալի գործերով»,- ընդգծեց Վարդեւանյանը։

Վարդեւանյանի դիտարկմամբ՝ սա իշխանության հերթական միջամտությունն էր դատական համակարգին։ Նա պատահական չի համարում, որ համակարգի խափանումը համընկավ Սյունիքի նախկին համայնքապետեր Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի, Մանվել Փարամազյանի եւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանանյանի նկատմամբ մեղադրանքների առաջադրման հետ։ Պատգամավորը չի հավատում ԲԴԽ պատճառաբանությանը, թե խորհուրդը չի կարողանում գործարկել համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով։ Ըստ նրա՝ ԲԴԽ–ն միտումնավոր է ձգձգում վերագործարկումը, քանի որ դեռեւս կան գործեր, որոնք իշխանության համար կարեւոր է ձեռքով մակագրել։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։