Քաղաքացիները փակել են Նոր Նորքից իջնող ճանապարհը, մասնավորապես, Բուսաբանական այգու մոտ գտնվող կամուրջը: Անհնազանդության ակցիայի մասնակիցները նստել են ասֆալտին եւ վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», «միացեք», «պայքար»:

Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց եւ վիճաբանություն ծագեց ոստիկանության աշխատակիցներից մեկի եւ անհնազանդության ակցիա իրականացնողների միջեւ: «Եթեւեկելի մասից դուրս եկեք, բոլորդ պատասխանատվության եք ենթարկվելու: Ձեր գործողություններն անօրինական են»,-ասաց ոստիկանը: Այստեղ է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։  Այնուհետև ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։