Հերթական խայտառակ ապօրինությունը տեղի ունեցավ, մասսայական բերման են ենթարկում անմարդկային ձեւով. Մի աղջիկ, որի ձեռքը ջարդված էր, պետք է տեսնեյիք, թե ոնց են բերման ենթարկում: Այս մասին Հաղթանակաի կամրջի մոտ անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արամ Վարդեւանյանը:

«Իմ վերաբերյալ լսեցի, որ ասում են՝ կարմիր շորովին տարեք, բայց հետո փոշմանեցին, չտարան: Իհարկե, ինձ ճանաչում են եւ երեք անգամ փորձեցին բերման ենթարկել: Բայց միշտ ավտոբուսի մոտ փոշմանում են: Ես դեմ եմ այդ վարքագծին, կողմ եմ, որ բերման ենթարկեն, որ հետո աբվելի հետաքրքիր քրեական օրենսգրքով հոդվածներ լինեն այդ ոստիկանների վրա: Վաղ թե ուշ լինելու է»,-ասաց նա:

«Ես կոնկրետ մեկի՝ Ալեքսանդր Խաչատրյանի մասով ոստիկաններին զգուշացնում էի, որ անչափահաս է, ձեռքը ոլորելով տարան, ասացին՝ տեղում կճշտենք: Կարծես 15-20 հոգու բերման ենթարկեցին: Իրենց նպատակն էր, որ քայլերթը ընթհատվի, բայց չընդհատվեց»,-ասաց պատգամավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի Ֆրանսիայի հրապարակ շարժվող անհնազանդության երթի ժամանակ «Հրազդան» մարզադաշտի մոտ ոստիկանները փակեցին երթի ճանապարհը եւ սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց: Քաշքշուկ սկսվեց: Ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը, երթը շարունակվեց մայթով:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։