Հենց կլինի հայկական կողմից հանձնաժողովի կազմը, բնականաբար, կհրապարկվի եւ դա կնշանակի, որ հանձնաժողովը ձեւավորված է. քանի դեռ չի ձեւավորվում, նշանակում է՝ որոշակի նյուանսներ կան, խնդիրներ կան, որոնք քննարկվում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլոուրում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ նախագահ, Հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու դեռեւս չի ձեւավորվել հայկական կողմի հանձնաժողովի կազմը, որը պետք է Ադրբեջանի հետ քննարկի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցերը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ներկայացված 5 առաջարկներին, նա ասաց. «Ադրբեջանի 5 առաջարկներին հայկական կողմը ներկայացրել է մեր առաջարկների ցանկը եւ ասվել է, որ մեր ունեցած խնդիրները չեն սահմանափակվում այդ 5 կետերով: Եթե մենք ուզում ենք ունենալ խաղաղություն, պտք է բոլոր խնդիրներին անդրադառնանք, որոնց մեջ, բնականաբար, Արցախի խնդիրն է, Արցախի կարգավիճակը, ժողովրդի իրավունքներն այնտեղ ապրող: Այդ  խնդիրներն առաջ են քաշվեծ, իսկ թե ինչպիսին կլինի վերջնական տեսքը, դա բանակցությունների առարկա է: Երբ Հայաստանը կունենա նախագիծ, փաստաթուղթ բանակցությունների վերաբերյալ, դա բնականաբար, կդրվի մեր ժողովրդի դատին, Արցախի ժողովրդի դատին: Չի լինի այնպես, որ ժողովուրդը չիմանա»:

Մարուքյանի խոսքով, Ադրբեջանն ասում է՝ եկեք իրար տարածքային ամբողջականությունը ճանաչենք, ինքնիշխանությունը ճանաչենք, հարաբերություններ հաստաստենք, իրար նկատմամբ պահանջներ չներկայացնենք. «Մենք էլ առաջարկել ենք, որ միայն դրանով չի լինի խաղաղություն, պետք է բոլոր խնդիրներին լուծումներ տանք: Երեւի ճիշտ կլինի, որ մեր կողմն էլ հրապարակի մեր կողմից առաջարկները, փուլեր կան, երբ հասնենք այն փուլին, որ անհրաժեշտ կլինի հրապարակել, կհրապարակվի նաեւ բառացիորեն: Բայց էությունն այն է, ինչը նշեցի»:

Հարին, թե ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Արցախի կարգավիճակի նշաձողը, արդյոք դա նշանակում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, Մարուքյանը պատասխանեց. «Դա որեւէ բան չի նշանակում, որովհետեւ քանի դեռ չունենք որեւէ փաստաթուղթ, որը մեր ժողովուրդը, մեր պետությունը, Արցախը կընդունի եւ դա ընդունելի կլինի, մենք որեւէ բան ասելու իրավունք չունենք: Դրանք դարձել են քարոզչական հնարքներ՝ այ եթե դուք ասում եք դա, նշանակում է թողնում եք Արցախն Ադրբեջանի կազմում: Երեւի ինչ-որ մարդիկ ուզում են Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, դրա համար էդպես են ասում:

Մինչեւ վերջին պատերազմը Հայաստանը հրապարակային ասել է, որ մենք գնում ենք Արցախի ճանաչման, բանակցություններում չկա մի փաստաթուղթ, , որտեղ անկախության մասին խոսք կլինի: Այսինքն հրապարակայնացվել է մի բան, բանակցվել է այլ բան: Հիմա ասվում է հետեւյալը. միջազգային հանրությունն ասում է՝ ձեր մաքսիմալիստական մոտեցումը եթե վերափոխեք, կունենք կոնսոլիդացիա: Մաքսիմալիզմը հետեւյալն է, որ եթե դու գնում ես բանակցությունների եւ ի սկզբանե ասում ես՝ այ, եթե դուք չեք ճանաչում Արցախի անկախությունը, մենք խոսելու բան չունենք, դրա հաջորդ րոպեին սկսվում է պատերազմը: Սա է մաքսիմալիզմը եւ դա անհասկանալի է միջազգային հանրության համար: Բայց եթե դու գնում ես իրավունքներից դեպի կարգավիճակ, թող իրենք ասեն՝ ի՞նչ իրավունքների մասին է խոսքը, ի՞նչ կարգավիճակ են տլիս անվտանգության, այ դրանից կբխեցվի կարգավիճակը: Երբ դու քո մաքսիմալիստական ծրագիրը ներկայացնում ես, քեզ ասում են՝ եղավ, եղբայր, մեկ էլ սկսում է պատերազմը, որովհետեւ բան չի մնում խոսելու: Դա չպետք է հիմք տա, որ անդադար Հայաստանում խոսվի այն մասին, որ ուզում են Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ով այդպես ասում է, երեւի ինքը դա է ուզում»,-ասաց Մարուքյանը:

Հարցին, թե ովքե՞ր են միջազգային հանրություն ասվածը, նա պատասխանեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, հետո ԵՄ անդամ մյուս պետությունները, ամբողջ քաղաքակիրթ ամբողջ աշխարհը: Կա՞ մի երկիր, որ ասենք ճանաչել է Արցախի անկախությունը, մենք էլ ասել ենք՝ չէ: Երբ ինչ-որ երկրներ հայտարարում են, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չի, Հայաստանում ծափահարություններով ընդունում են, բայց մեկը խորացե՞լ է, թե ինչ նկատի ունեն դրա տակ, անկախությունը նկատի ունե՞ն: Դա բանակցության առարկա է, բայց եթե անկախությունը նկատի ւնենային, վաղուց կճանաչեին, կասեին՝ եկեք ՄԱԿ-ւմ էլ ձեզ աթոռ ենք տալիս: Եղել է ժամանակ, որ ապրել ենք այդ պատրանքներով ու այդ պատրանքները եկել արհավիրք են դարձել մեր գլխին: Հիմա պետք է ռեալ իրվիճակը գնահատել եւ շարժվել ռաջ: Եթե ՀՀ-ն շարունակի գնալ պատրանքային բաների հետեւից, նոր արհավիրքներ կբերի իր երկրի գլխին»: