Ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը դատական բարեփոխումներին վերաբերող այս միջոցառմանը արգելված է, մուտքը միայն հրավիրատոմսերով է: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Գործընկերներիս հետ ցանկություն հայտնեցինք մասնակցել եւ ներկայացնել Հայաստանում դատական իշխանության իրական իրավիճակը։ Խոսել քաղաքական հայացքների համար բանտարկված անձանց մասին, որոցն թիվը տասնյակների է հասնում, ոստիկանական բռնություններից եւ դրա վերաբերյալ դատական իշխանության լռությունից:
Երեւի խնդիրն այն է, որ ՍԴ աշխատակիցները, որոնք այս միջոցառման կազմակերիչն են, ԵԽԽՎ զեկույցներ չեն կարդում, Արարատ Միրզոյանին չեն լսում, տեղյակ չեն, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք: Ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունն այս միջոցառմանը արգելված է, մուտքը միայն հրավիրատոմսերով է, որովհետեւ ժողովրդավարության այն փուչիկը, որը ամեն օր տարբեր տեղերում փորձում է փչել Փաշինյանը եւ իր խունտան, հանկարծ կարող է պայթել: Այն վաղ թե ուշ պայթելու է: Իսկ թե ինչ իրավիճակում է դատական իշխանությունը, ինչպես են գործեր կարվում, սա նույնիսկ զանգով արդարադատություն չի, կնոպկայով արդարադատություն է»,-ասաց Մամիջանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրում այս պահին ընթանում է«Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը:
Ելույթ են ունենալու ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյաներ, Լիտվայի ՍԴ նախագահը, եվրոպացի այլ պատվիրակներ։
Ներկա են լինելու արեւմտյան դեսպանները, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ այլք, հիմնականում՝ իշխանական դեմքեր։
Միջոցառմանը հրավիրված չէ ընդդիմությունը, նաեւ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը: Միջոցառումը փակ է լրագրողների համար։











