Ռազմավարական դաշնակից երկրները եւ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ թշնամի պետությունները հստակ պետք է իմանան, որ չի կարող լինել որեւէ լուծում, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ ԱԳՆ-ի շենքի մոտ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Անկախ օրվա դավաճան իշխանությունների մոտեցումներից, հայ ժողովուրդը տեր է Արցախին, իր հայրենիքին։ Երբեք Արցախը չի հայաթափվելու, Նոր Նախիջեւան չի լինելու, որովհետեւ մենք տեր են մեր իրավունքներին։

Այս հողատուի հետ ցանկացած բանակցություն առ ոչինչ է։ Մեր ռազմավարական դաշնակցի հետ ունենք օրակարգ, բազմաթիվ հարցեր, որոնք միասին պետք է քննարկենք եւ լուծում տանք, բայց դա պետք է լինի առանց Նիկոլի, որովհետեւ նա չի արտահայտում հայ ժողովրդի կամքը»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Նշենք, որ շարժման երթը պայմանավորված էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցով, որը եկել է մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Շարժման մասնակիցները գնացել էին ԱԳՆ-ի մոտ՝ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու եւ մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնելու, որ իրենց հետ փակ դռների հետեւում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։