Նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու բացօթյա տարածքում կայացել է բարերար «Հրայր Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի բարեգործական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող՝ հոգեւոր եւ դասական երաժշտության ամառային համերգաշարը:

«Հովնանյան» հիմնադրամի տնօրեն Նաիրա Մելիքյանի խոսքով՝ համերգաշարի նպատակն է ազգային եւ հոգեւոր արժեքները հասարակության մեջ սերմանելը, որն էլ հիմնադրամի առաքելություններից մեկն է:

««Հովնանյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի օրհնությամբ հունիսի 10-ից Սուրբ Աննա եկեղեցու բացօթյա տարածքում տեղի են ունենալու թվով չորս համերգներ՝ հոգեւոր եւ դասական ոճի: Համերգներին մասնակցության հայտեր ներկայացրել են «Տաղարան համույթը», «Հովեր երգչախումբը», «Կոմիտաս լարային քառյակը» եւ «Փոքրիկ երգիչների» երգչախումբը: Սուրբ Աննա ամառային համերգաշարը նաեւ նվիրված է «Հրայր Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրայր Հովնանյանի եւ իր տիկնոջ՝ Աննա Հովնանյանի հիշատակին: Մեր հետաքրքրության ոլորտը երիտասարդությունը, համայնքների զարգացումն է: Ստեղծման օրից հիմնադրամը ավելի քան 94 միլիոն դոլարի կրթաթոշակներ եւ դրամաշնորհներ ենք տրամադրել։ Առաջին անգամ է նման համերգաշար կազմակերպվում, տեսնենք, եթե հետաքրքիր լինի, ապա շարունակական բնույթ կունենա»,- ասաց Նաիրա Հովնանյանը:

Սա առաջին անգամը չէ, որ եկեղեցիների բակերում նման համերգաշար է կազմակերպվում։

«Առաջին անգամը չէ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը օրհնում եւ օգնում է տարբեր կառույցներին, եկեղեցիներին կից բակերում միջոցառումներ կազմակերպել։ Սա էլ հերթական միջոցառումն է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր օրհնությամբ եւ աջակցությամբ իրականություն դարձրեց։ Շնորհակալ ենք Վեհափառ Հայրապետին, որ գնահատում է, որպեսզի մենք Աստծուն փառաբանենք ոչ միայն եկեղեցիներում, այլեւ արվեստի միջոցով՝ այսպիսի հրապարակներում։ Մուտքն ազատ է բոլորի համար եւ մեր բոլոր հայրենակիցները կարող են ծանոթանալ հոգեւոր երգի հետ։ Ցանկանում եմ նաեւ գնահատանքի խոսք հնչեցնել Հովնանյանների հիմնադրամի տնօրինությանը, որ այս մտահաղացումն ունեցան»,- ասաց Հայր Սուրբը:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում տեղի կունենա 4 համերգ՝ հունիսի 10-ին, 17-ին, 24-ին եւ հուլիսի 1-ին: