Կորոնավիրուսի համավարակը  Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի անդամների գիտաժողովները  չեղարկեց, նրանք որոշեցին գիտաժողովները առցանց տարբերակով անցկացնել։ Օգտվելով ավելացած ժամանակի հնարավորությունից՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Վլադիմիր Գրիգորյանը, որը նույնպես մասնակցում էր գիտաժողովներին, որոշեց ստարտափ հիմնել, որը բուժաշխատողների համար կհեշտացնի վերապատրաստման գործընթացը։  Վլադիմիրն ու ընկերները Medu առցանց հարթակը ստեղծեցին, որտեղ տեղադրված դասախոսությունները լսելով բուժաշխատողները կարող են միավորներ հավաքել եւ վերապատրաստված լինելու վերաբերյալ վկայական ստանալ։

«Բուժաշխատողները մտնում են կայք, բաժանորդագրվում եւ դիտում կրեդիտավորված դասախոսությունները, որոնք նախապես ուղարկվում են առողջապահության նախարարություն։ Այս կերպ բուժաշխատողը ստանում է օրենքով նախատեսված այն պարտադիր  վերապատրաստումը, որը եթե մեր կայքով չանցնի եւ չհավաքի կրեդիտներ, 7 շաբաթ պետք է թանկարժեք վերապատրաստում  անցնի նախարարության կողմից, որն արժե մոտ  175 հազար դրամ։ Մինչդեռ մենք դա փոխարինում ենք ավելի հարմարավետ ու մատչելի տարբերակով։ Բուժաշխատողը ցանկացած վայրից կարող է դիտել դասախոսությունները եւ ստանալ այդ կրեդիտները»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վլադիմիր Գրիգորյանը։

Ծրագրի մեկ տարվա բաժանորդագրության արժեքը 40 հազար դրամ է, որը գանձվում է ամսավճարով։ Ստացվում է՝ բուժաշխատողը ամսական շուրջ 3000 դրամով կարող է վերապատրաստում անցնել։  

«Օրինակ, եթե բուժաշխատողը Սյունիքի մարզից է եւ գալիս է Երեւան՝ գիտաժողով դիտելու, ծախսելու է տրանսպորտի, սննդի, կացության համար գումար, մեկ գիտաժողովի վրա ծախսելու է 20 հազար դրամ, որի դիմաց ստանալու է առավելագույնը 10–ից 12 կրեդիտ։ Իսկ այս դեպքում  տարեկան 40 հազար դրամ է վճարում եւ հավաքելու է անսահման քանակությամբ կրեդիտներ»,–  ասաց Վլադիմիր Գրիգորյանը։ 

Կայքում բժշկագիտությանն առնչվող տարբեր դասախոսություններ կան, որոնք վարում են փորձառու մասնագետները։   Բժիշկներն ու բուժաշխատողները վերապատրաստման վկայական ստանալու համար, ըստ օրենքի պետք է մինչեւ 220 կրեդիտ հավաքեն» 

Վլադիմիր Գրիգորյանի ու ընկերների հիմնած հարթակը նախորդ տարի հաղթել է Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ կազմակերպված Buissup Global Forum-ին եւ ներդրումի հնարավորություն ստացել։  Ներդրված դրամական միջոցներով տեխնիկա են գնել՝ դասախոսությունները տեսագրելու համար եւ մեծացրել թիմը։