Ջուղայի երբեմնի առեւտրի ցանցը աշխարհին ներկայանում է նորովի, 21-րդ դարի պահանջներին համապատասխան եւ արդեն թվային տեխնոլոգիաների աշխարհում։ Երեւանում անցկացվող Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում այսօր տրվեց «Թվային Ջուղա ցանցի» (Digital Julfa Network) պաշտոնական մեկնարկը՝ որպես համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առեւտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնություն։
Դարեր շարունակ հայերն առանց հաղորդակցության մեծ հնարավորությունների կարողացել են ստեղծել մեծ ցանց տնտեսության, իրավաբանության, առեւտրի, նորարարության ուղղություններով։ Այն գոյություն է ունեցել 300 տարի շարունակ, նրանց հետեւորդները դեռ շարունակում են աշխատել Մխիթարյան եւ Լազարյան ճեմարաններում: Եվ հիմա հայ մասնագետներն իրենց առջեւ խնդիր են դրել վերականգնել այդ ամենը՝ բնականաբար նորարարական լուծումներով։
Ստարտափների զարգացմամբ զբաղվող Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր, BAJ Accelerator-ի համահիմնադիր գործընկեր Էմմա Առաքելյանը վստահ է, որ այդ ուժը կա կրթության բնագավառում եւ իրենք ցանկանում են վերականգնել այդ ամենը։ «Նոր Ջուղայի ժամանակ այդ ամենը Ամստերդամից մինչեւ Մանիլա էր: Մեր թվային տնտեսության պայմաններում կարող ենք այն ընդլայնել՝ դարձնելով համաշխարհային: Մեր նպատակն է օգտագործել Հայաստանի մտքի ուժը, Հայաստանում ստեղծել ու զարգացնել բիզնես անելու կարողությունները եւ համագործակցության միջոցով տարածել ամբողջ աշխարհում, ստեղծել հարստություն, բարեկեցություն, համաշխարհային ճիշտ դիրք Հայաստանի համար: Մեծ նպատակ ենք դրել, որպեսզի Հայաստանն իր դիրքն ունենա այս բոլոր բնագավառներում»,- ասում է նա։
Ինչպես է ստեղծվելու «Թվային Ջուղա ցանց»-ը
«Թվային Ջուղա ցանց»-ի ստեղծման համար պետք է ներգրավվեն Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը: Այստեղ շատ կարեւոր է բանկային համակարգի դերը։ Ցանցում պետք ներգրավվեն գիտության եւ տեխնոլոգիայի ոլորտի ընկերությունները, դասախոսական կազմը և ստարտափները, քանզի այն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում հենց դրանց համար: Թեեւ նախաձեռնությունը սկսվել է Հայաստանից, այն միայն Հայաստանով չպետք է սահմանափակվի, վստահեցնում է Էմմա Առաքելյանը:
««Հայկական ընկերակիցների միության» խորհրդի անդամ Մարկ Չենյանը, որի նպատակներից մեկը Հայաստանի տնտեսությունը զարգացնելը եւ դիրքորոշելն է, ստեղծել է գիտնականների 156 հոգանոց մի մեծ խումբ, որի գագաթնաժողովը պետք է լինի Լազարոս կղզու վրա, որը Ջուղայի կղզիներից մեկն էր: Սա ցանցի շարունակությունն է: Մյուս կարեւոր հանգամանքներից է այն, որ մենք համագործակցում ենք Հայաստանի վենչուրային ընկերությունների, բանկային ընկերությունների, Կենտրոնական բանկի հետ: Տարբեր հարցադրումներ կան, որոնցով բոլոր ընկերությունները միասին կարող են ուժ ստեղծել՝ հասցնելով հարստության եւ բարեկեցության»,- ասում է Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրենը:
Ինչպես դառնալ միաեղջյուր ընկերություն
Ստարտափը կարող է անցնել միաեղջյուր ընկերություն (unicorn company) դառնալու ճանապարհը, եթե այն նպատակ ունի դառնալ համաշխարհային ընկերություն: Էմմա Առաքելյանը նշում է, որ իրենց տարբեր ներդրողների խրախուսում են ներդրումներ անել թե՛ Հայաստանում գործող հայկական ընկերություններում, թե՛ հայկական ընկերություններում, որոնք Հայաստանում չեն գործում, որպեսզի ուժեղացնեն հայկական ներուժը։ «Այսինքն՝ մեր ամբողջ հավաքական ուժն ենք միավորում՝ 10-12 միլիոն հայերով՝ շրջանացելով հեռավորությունները, որոնք կարեւոր չեն, որովհետեւ թվային տնտեսության մեջ ենք ապրում: Պետք է մտածենք գլոբալ»,– ասում է նա:
Թեեւ աշխարհում ՏՏ ոլորտում հիմա շատ թրենդներ կան, Orion Worldwide Innovations-ը պատրաստ է աջակցել, ներդրումների համար հնարավորություններ ստեղծել այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են հատկապես արհեստական բանականությամբ։ «Արհեստական բանականությունը գնալով առավել խորը ազդեցություն է ունենում բոլոր տնտեսությունների եւ ընկերությունների վրա: Արհեստական բանականությունն է շատ կարեւոր, անվտանգության վերաբերյալ լուծումները, ֆինթեքը եւ այլն: Մենք հետաքրքրված ենք այսպիսի ընկերություններով, որոնք ինչ-որ չափով ուշադրություն են գրավել»,- նշում է Էմմա Առաքելյանը:
Նախագծում ներգրավված 95 ընկերություններից 43-ը հայկական են, դրանցից երեքը՝ Embodied-ը, Cognaize-ը եւ Scylla-ն, արդեն համաշխարհային ազդեցություն ունենալու ճանապարհին են։ Կան հինգ նոր ընկերություններ, որոնք բավական արագ աճ են գրանցել Հայաստանում եւ մեծ պոտենցիալ ունեն։
Ինչպիսին է կրթության վիճակը Հայաստանում
«Հայաստանում հիմնական կրթությունը լավ հիմքերի վրա է դրված»,- ասում է Էմմա Առաքելյանը։ Սակայն համաշխարհային շուկայի մարտահրավերներին պատրաստ լինելու, հաջողություններ գրանցելու համար լավ կլինի, որ հայաստանյան համալսարանները շարունակական ծրագրեր ստեղծեն, մեծ ուշադրություն դարձնեն մաթեմատիկայի դասավանդմանը, առաջարկեն նորարարական մոտեցումներ կրթության հարցում։
«Այս ամենին զուգահեռ տեսնում եմ, որ որոշ ընկերություններ, օրինակ՝ Picsart-ը, Synopsys-ը առաջարկում են իրենց դասերը, ինչը շատ ողջունելի է: Մենք էլ հիմնադրել ենք BAJ Unicorn Academy-ը, եւ հասկանալով, թե մեր ընտրած միաեղջյուր ընկերություններին ինչ մասնագետներ են պետք, խորհրդակցելով եւ վերլուծելով այս ամենը որոշեցինք հիմնադրել այն: Աշխատում ենք Armenian Code Academy-ի պրոֆեսորական անձնակազմի հետ: Այսօր ունենալու ենք 19 շրջանավարտ: Մեր առաջին դասարանն է, որը հունվարին է սկսվել: Մեր նպատակն է, որ իրենք աշխատանքի անցնեն այս ընկերություններից մեկում, եթե ոչ, ապա շուկայում մեծ ազդեցություն կունենան: Մենք, իհարկե, շարունակելու ենք այս ծրագիրը: Այնպես ենք անելու, որ գոնե տարին մեկ 20-25 աշակերտ ավարտի»,- ասում է նա:
Ինչպե՞ս են կապվելու բոլոր նախաձեռնությունները մեկ համակարգում
Orion Worldwide Innovations-ի թիմը որոշել է, որ նման գագաթնաժողովներ լինելու են աշխարհի տարբեր երկրներում: Հաջորդը լինելու է 2023-ին՝ Նյու Յորքում, հետո Ֆրանկֆուրտում եւ այդպես շարունակ: Orion Worldwide Innovations-ը քայլեր է ձեռնարկում, որպեսզի հայաստանյան ընկերությունները, մասնագետները ավելի լավ ծանոթանան եւ ավելի լավ հասկանան, որ տարբեր երկրների տարբեր բնագավառներում մեծ հնարավորություններ են իրենց առաջարկվում, որոնցից օգտվելու եւ դրանք լավագույնս իրագործելու ներուժը հայ մասնագետներն ու հայկական ընկերությունները միանշանակ ունեն:
Orion Worldwide Innovations-ը Հայաստանում իր գրասենյակը բացել է կորոնավիրուսային համավարակի շրջանում, որպեսզի Հայաստանին ավելի ուշադիր լինեն եւ բաց չթողնեն հայկական տաղանդը: «Տասնհինգ ամսվա ընթացքում կարողացել ենք մեր հայկական ընկերությունների համար համաշխարհային վենչուրային ընկերություններից հայթայթել 27 միլիոն դոլարի ներդրում: Վերը նշված երեք ընկերությունները` Embodied-ը, Cognaize-ը եւ Scylla-ն պատրաստվում են շուկա դուրս գալ՝ նոր ներդրումների համար: Իրենք բավական աճել են եւ մեծ հաջողությունների հասել վերջին ամիսներին: Մեր նպատակն է՝ 2022-ին 27 միլիոնը կրկնապատկել եւ դարձնել 50 միլիոնից ավելի»,- ասում է Էմմա Առաքելյանը:











