«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը, սակայն ընդհանուր եզրահանգման չի եկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ ԱԺ խորհուրդը դիմելու է ՍԴ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով:
«Ես տեղյակ չեմ, որ նմանատիպ որոշում կա: Ավելի շատ գիտեմ, որ չկա, քան կա: Ես չգիտեմ՝ գուցե օրենքի պահանջ է: Մենք խմբակցությունում քննարկել ենք այդ հարցը եւ եկել ենք համապատասխան եզրահանգման ընդդիմադիր գործընկերներին պաշտոններից հետ կանչելու վերաբերյալ, բայց խմբակցությունը դրական եզրակացության չի եկել մանդատներից զրկելու վերաբերյալ: Որոշ պատգամավորների, այդ թվում՝ նաեւ ինձ մոտ եղել է նման մտադրության»,- նշեց Աղազարյանը:
Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելն ինքնանպատակ չի եղել: Նրանք պատշաճ կերպով չէին կատարում իրենց վրա դրված պարտականությունները:
«Կառավարող եւ ընդդիմադիր ուժերին մենք միշտ հակադրում ենք իրար, սակայն երկուսն էլ իշխանության մաս են: Իրենց բացակայությունն Ազգային ժողովում անընդունելի է: Իրենք թեպետ ոչ բոլոր ընտրողների կողմից են ընտրվել, սակայն ամբողջ ժողովրդի ընդդիմություններ են: Իսկ ընդդիմությունը պետք է վերահանի իշխանության սխալները, ցույց տա լուծումները, կապիտալ հավաքի հաջորդ ընտրությունների համար: Սա է ճիշտ տարբերակը»,- ընդգծեց նա:
Պատգամավորի խոսքով՝ պաշտոնների դեպքում ամեն ինչ գտնվում է պատգամավորների իրավասության տակ, իսկ մանդատներից զրկելու վերաբերյալ արդեն որոշում կայացնողը Սահմանադրական դատարանն է:
«ՍԴ-ն պետք է առանձին քննի դեպքերը եւ որոշի: Սահմանադրական դատարանը կարող է որոշել, որ Իշխան Սաղաթելյանը ոչ թե արտասահմանում եղել է զբոսանքների մեջ, այլ իր պատկերացումով իրացրել է իր պայքարը փողոցային պայքարի միջոցով»,- ասաց Աղազարյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ պատգամավորները բոլոր ժամանակներում են նիստերին չներկայանալն օգտագործել որպես պայքարի միջոց, Աղազարյանը պատասխանեց. «Բոյկոտը ես պատկերացնում եմ, որ գրանցվում ես, սակայն չես մասնակցում քննարկումներին, ոչ թե ամիսներով չես ներկայանում»:











