«Այլընտրանք» հասարակական կազմակերպության համանախագահ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։
Կոչուբաեւը հայտնեց, որ շաքարային դիաբետը հանգեցրել է նրա կենսական կարեւոր օրգանների ախտահարմանը. «Ինսուլինային կախվածության չափաբաժինը հասնում է օրական 100 միլիգրամի»։
Ալեքսանդր Կոչուբաեւի խոսքով՝ 60 միլիգրամ ինսուլինային կախվածությունն արդեն իսկ կալանավորման պայմանների հետ անհամատեղելի է դիտարկվում։
Կոչուբաեւը նշեց, որ Մանթաշյանի մոտ առողջական վիճակը վատթարացել է ՔԿՀ-ում պահվելու ժամանակահատվածում. «Մենք չենք ասում, որ ՔԿՀ-ի պայմաններն են վատը: Պարզապես այն դեղամիջոցները, որոնք նշանակվում է Մանթաշյանին, ՔԿՀ-ն չի ստանում, ինչով պայմանավորված Մանթաշյանի շաքարային դիաբետի ցուցանիշը 20-28 միլիմոլ է: Մանթաշյանը գտնվում է խոշտանգման մեջ. ունենալով այսպիսի ծանր շաքարային դիաբետ, ըստ էության, մենք ցանկանում ենք շտապ դատական նիստ: Սակայն դա դատավոր Ֆարխոյանին չի հետաքրքրում, որովհետեւ իջեցված պատվերն այլ է»։
Պաշտպանը Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ դատական նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացրել, սակայն գործը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնել է, թե հնարավոր չէ դատական նիստ նշանակել՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով։
Կոչուբաեւը չբացառեց, որ Ֆարխոյանը կարող է Մանթաշյանի առողջական վիճակի հարցով փորձաքննություն չնշանակելու մասին որոշում կայացնել. «Ես իմ միջնորդությունների ժամանակ Ֆարխոյանին միշտ հիշեցնում եմ՝ երբ օրը ցերեկով Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ատրճանակը հանում եւ անձանց գնդակահարում է, դա Ֆարխոյանի համար գրավի հիմք է, բայց Մանթաշյանին ինչ է մեղսագրված: Մի դեպքում կարելի է օրը ցերեկով կրակել եւ գրավի կիրառմամբ ազատության մեջ մնալ: Իսկ մենք եկել ու ինչ ենք ակնկալում Ֆարխոյանից: Նա մինչեւ վերջին կետը շարունակելու է պահպանել քաղաքական հետապնդումը Մանթաշյանի նկատմամբ»։
Անդրադառնալով հուլիսի 15-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատական նիստերի դահլիճում մահանալու դեպքին՝ Կոչուբաեւն ասաց. «Միթե կարելի է կարծել, որ Գրիգորյանի մահը իշխանական շրջանակներից ինչ որ մեկին հետաքրքրիր է: Անձը ուշագնաց է լինում, իսկ դատավորը թղթերը դնում է թեւի տակ ու հեռանում նիստերի դահլիճից: Այնպես չէ, որ այս դեպքից հետո դատավորները վերանայելու են իրենց պահվածքը: Գրիգորյանի մահը չի սթափեցնելու մնացած դատավորներին, ավելին՝ կարծում եմ, որ դա որոշակի առումով իրենց համար նպատակ էր: Ամեն գնով իրենք մի բանտարկյալին կալանավորում են գոյություն չունեցեղ հոդվածով: Ինձ համար դժվար է մտաբերել մի պետություն, որտեղ դատական նիստի ժամանակ քաղբանտարկյալ մահանա»:











