Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանը. Այդ մասին Երեւանում լրագրողներին ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը` նշելով, որ արտաքին հետախուզական  առանձին ծառայության ստեղծման հարցը ՀՀ քաղաքական ղեկավարության իրավասությունն է:

«Ռուսաստանի Դաշնությունը, Արտաքին հետախուզական ծառայությունը, ամեն դեպքում, ինչ ձեւաչափով էլ աշխատենք մեր հարգելի գործընկերների հետ, մենք ցանկացած մեթոդական աջակցություն, օգնություն կտրամադրենք եւ նաեւ հուսալիորեն եւ հետեըողականորեն կհամագործակցենք, ինչպես արել ենք մինչ օրս, քանի որ ընդհանուր խնդիրների մեծ ծավալ ունենք, որոնք պետք է լուծենք»,- ասել է Նարիշկինը։

Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը վստահեցրել է, որ Ռուսաստանը բավարար ուժեր եւ ռեսուրսներ ունի՝ դաշնակիցներին, գործընկերներին եը լավ ընկերներին դժվար պահերին պաշտպանելու համար։

Նրա խոսքով, ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ տարածքում կայունության ամուր երաշխիք են։ Նա, մասնավորապես, մատնանշել է, որ այս տարածքում ինտեգրացիոն կառույցներ արդեն գործում են՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ։ «Այդ կառույցները կառուցվել են՝ հաշվի առնելով դրանց մաս կազմող բոլոր պետությունների շահերը։ Ինտեգրման պաշտպանության գործիքները կայունության ու անվտանգության պահպանման լավ երաշխիք են: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը բավականաչափ ուժ եւ ռեսուրսներ ունի՝ դժվար պահերին դաշնակիցներին եւ լավ ընկերներին պաշտպանելու համար»: