Կան հայտնի ուժեր, որոնք գալիս են Մոսկվա եւ ասում են, որ Հայաստանի կառավարությունը պրոարևմտյան կառավարություն է, ժողովրդավարությունից են խոսում և այլն, հետո վազում են Արևմուտք և ասում՝ ՀՀ կառավարությունը պրոռուսական է, տեսեք տարին քանի անգամ է Պուտինի հետ խոսում հեռախոսով, քանի անգամ են հանդիպում և այլն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փորձ է արվում և՛ Արևմուտքում, և՛ ՌԴ-ում Հայաստանի նկատմամբ ագրեսիվության ըմբռնում ստեղծել։ Ասում են՝ հեղափոխական են, արևմտյան են, էս են, էն են: Այո՛, հեղափոխական ենք, մենք հեղափոխությունը մեր ժողովրդով ենք արել, պատերազմից հետո էլի գնացել ժողովրդի առաջ կանգնել ենք, ասել՝ կայացրեք ձեր որոշումը: Չենք թողել, հեռացել՝ մի պարզ պատճառով․ ասել ենք, որ ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող շպրտել մի կողմ, թողնել, գնալ։ Մենք ժողովրդից ստացած իշխանությունը կտանենք, հետ կտանք ժողովրդին, ժողովուրդը թող որոշի՝ ինքը ում է տալիս։ Ում կտա, իր որոշումը մեզ համար քննարկման ենթակա չէ»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ 2018 թվականին իրենք էյֆորիայի պայմաններում են եկել իշխանության, և հիմա իրենց վիճակը «ավելի բարդ է»։
«Իշխանության վիճակը ավելի բարդ է։ Գիտե՞ք՝ ինչու․որովհետև 2018-ին մենք էյֆորիայի պայմաններում եկանք իշխանության․ էյֆորիայի պայմաններում։ Եվ մենք բախվեցինք դաժան իրականության հետ։ Բայց հիմա մենք պետք է ինքներս մեր աշխարհընկալման հետ կապված հետևություններ անենք։ Պետք է չվախենանք նաև որոշումներ կայացնել․ ծանր որոշումներ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ որոշումները պետք է «մեզ առաջ տանեն, նույն կետում մնալ չկա»։
Փաշինյանն ասաց, որ ի հեճուկս բոլոր կանխատեսումների, Հայաստանը շարունակել է մնալ վստահելի գործընկեր թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ-ի համար․ «Միշտ չէ, որ մեր նկատմամբ նույն վերաբերմունքն է եղել, բայց մենք շարունակել ենք մեր վերաբերմունքը եւ այդպես էլ շարունակելու ենք»։











