Տան վարձավճարները բարձրացել են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ մարզերում։ Արցախից տեղահանված Անի Համբարձումյանի ընտանիքը մեկ տարի առաջ Նորագավիթում վարձակալած տնից դուրս էր եկել վարձի թանկացման պատճառով ու տեղափոխվել Մասիս քաղաք, որտեղ համեմատաբար ավելի էժան գնով էր բնակարան վարձել, սակայն վարձակալության գներն այստեղ էլ են աճել: NEWS.am-ի հետ զրույցում Անին պատմեց, որ այս ամսից սկսած բնակարանի համար 50 հազարի փոխարեն 70 հազար դրամ է վճարելու, բայց տնից դուրս գալ չի պատրաստվում, քանի որ  բավարար պայմաններով բնակարանների գները շատ ավելի բարձր են Մասիսում։

Անիի ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 44–օրյա պատերազմի ժամանակ։ Սկզբում կացարանում են ապրել, հետո արդեն Նորագավիթում 90 հազար դրամով տուն վարձակալել, որի գինը որոշ ժամանակ անց 120 հազար դրամ է դարձել։

«Տանտերը սկզբում ասել էր, թե խնդիր չի, որ մեր հետ երեք անչափահաս երեխա կա, բայց հետո սկսեց դժգոհել, իսկ ձմռանն էլ տան գինը բարձրացրեց 30 հազար դրամով։ Մենք էլ չհարմարվեցինք էդ գնի մեջ ու ստիպված դուրս եկանք։ Երբ սկսեցինք տուն փնտրել, հասկացանք, որ բարդ է նորմալ պայմաններով եւ նորմալ գնով տուն գտնելը։ Երբ լսում էին, որ մեր հետ երեխա կա, գինը բարձրացնում էին, դեպոզիտ էին պարտադիր պահանջում»,–

Անին ամուսնու եւ երեք անչափահաս երեխաների հետ ապրում է երկու սենյականոց փոքր բնակարանում։ Հարմարություններից չի դժգոհում նա, միայն թե գազաֆիկացված չէ տունը։  Երեք անչափահաս երեխայի հետ Անին չի կարող աշխատել։ Երեխաների խնամքի հարցում մայրն է նրան հաճախ օգնում, բայց մայրն էլ առողջական խնդիրներ ունի, չի կարող ամեն օր Երեւանից Մասիս գնալ։

Անին հրուշակագործ է, բայց չի կարող պատվերներ ընդունել, որովհետեւ վարձակալած տանը համապատասխան հարմարություն չունի։

Երեւան տեղափոխվելու միտք նրանց ընտանիքը չունի, մայրաքաղաքում իրենց գրպանի պարունակությանը հարմար տուն գտնելն անհնար է։

Անին Արցախից տեղահանվածներին հասանելիք սոցաջակցությունից օգտվել չի կարող, որովհետեւ մինչեւ պատերազմը մի քանի ամիս Վրաստանում էր եղել, իսկ մորը հասած 10 մլն դրամը, որով պետք է բնակարան գնեն, ըստ նրա՝ չի բավականացնում նույնիսկ Մասիսում տուն գնելուն։