Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն հարցն է, որն արժեր թողնել հաջորդ սերունդներին, երբ կձեւավորվեն բոլորին ընդունելի պայմաններ հարցի արդար լուծման համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 1-ին ասել է  Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա կարեւոր է անվանել Սոչիի եռակողմ հանդիպումը, եւ այն, թե որքան է այն տեւել, ինչպես է նախապատրաստվել, նրա գնահատմամբ՝ վկայում է այն մասին, որ եկել է կարգավորման բոլոր ամենաբարդ հարցերի առարկայական քննարկման ժամանակը։

Դեսպանը հիշեցրել է Ռուսաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ բոլոր հարցերի վերաբերյալ չէ, որ հաջողվել է պայմանավորվել։ «Բայց շատ կարեւոր է, որ քննարկումը կայացավ, եւ շատ կարեւոր է, որ կողմերը պատրաստակամություն դրսեւորեցին առաջ շարժվելու կարգավորման ուղղությամբ։ Շատ կարեւոր է նաեւ այն, որ հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանում, եւ սա ակնհայտ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը, չնայած խնդիրներին, որոնք պետք է հիմա լուծել այլ տարածաշրջաններում, մեծ ուշադրություն է հատկացնում Հարավային Կովկասի իրավիճակին եւ չի թուլացնում ջանքերը կարգավորման ոլորտում»,- ընդգծել է Կոպիրկինը։

Նա կրկնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ կարգավորման ամբողջ համալիրը պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածությունների արդյունք։

«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին եւ դրույթներին, որոնք պետք է մտնեն դրա մեջ, դատելով Սոչիի հանդիպման արդյունքներից՝ առայժմ կան հարցեր, որոնք չի հաջողվում համաձայնեցնել, բայց որոնց ուղղությամբ աշխատանքը կշարունակվի»,- ամփոփել է դեսպանը։