Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում ծառայություն իրականացնելիս կանխել են գրպանահատության դեպք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Չարենցի փողոցում նրանք նկատել էին մի կնոջ, որը օգտվելով մրգավաճառի անուշադրությունից՝ հափշտակել էր նրա դրամապանակը և փորձել հեռանալ:

Կինը տեղում ձերբակալվել է՝ այդ ընթացքում դրամապանակը գցելով գետնին: Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն ու խոստովանել կատարածը:

Գողոնն առգրավվել է: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: