Երեւանի Ֆիրդուսի թաղամասում այսօր՝ հունվարի 13-ին, մի քանի ժամ լարված իրավիճակ էր. գերակա շահ ճանաչված թաղամասի բնակիչները թույլ չէին տալիս, որ ԴԱՀԿ աշխատակիցները, դատարանի որոշման համաձայն, բացեին բնակիչներից Ռաֆայել Սաֆարյանին պատկանող պահեստի եւ տան դռները, որպեսզի հնարավոր լինի կատարել դատաապրանքագիտական փորձաքննություն։ Հրմշտոցի հետեւանքով վատացավ տարեց տանտիրուհու ինքնազգացողությունը, որին ոստիկանները քաշքշելով հեռացրել էին մուտքից։

«Մեզ ուղարկված ծանուցման մեջ նշվել էր, որ պետք է գույքագրվի տարածքը, մենք չէինք համաձայնել իրենց առաջարկած փորձագետին, բողոքարկել էինք, բայց առանց պատասխանին սպասելու իրենք եկել են գործողություններ իրականացնելու։ Մենք դատական գործ ունենք, որը ձգվում է շուրջ 15 տարի, ու որեւէ բան հօգուտ մեզ չի կայացվում, իսկ ինչ ի շահ իրենց է միանգամից որոշում են։ Կոնկրետ պահեստը ես վարձակալության եմ հանձնել, ներսում շատ ապրանքներ կան, վարձակալը Հայաստանում չէ, բանալին մոտն է, հիմա եթե ինչ-որ բան պակասի, ո՞վ է պատասխան տալու»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ռաֆայել Սաֆարյանը։

Թաղամասում շատ տներ արդեն քանդվել են, տվյալ բնակարանների տերերն էլ ստացել են փոխհատուցումները, սակայն շատ են նաեւ բնակիչները, որոնք չեն ուզում իրենց տներից դուրս գալ։

Բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում վստահություն հայտնեց, որ փորձագետները, չափագրողները տան գնահատումը կանեն այնպես, որ բնակիչները քիչ փոխհատում ստանան։

«Նախ ես իմ տունը չեմ ուզում վաճառել, այնտեղից դուրս գալ։ 105 տարի առաջ իմ պապն այստեղ է հաստատվել, սերունդներով ապրել ենք։ Հետո էլ՝ զանգահարում եմ կառուցապատողի գրասենյակ, հարցնում եմ՝ ինչ արժեք ունի բնակարանը, իրենք ասում են՝ 1 քմ-ի համար՝ 3000 դոլար, իսկ մեզ առաջարկվում է 1000 դոլար։ Մենք մեր տան մեջ նստած ենք իրենք մեր բնակարանների հայտարարությունները տարածում են։ Ասում են՝ գերակա շահ, բայց գերակա շահը ո՞նց կարող է ձգվել 15 տարի։ Նախկիններին են բան ասում, բայց՝ դատարանով իրենց հարմար որոշումը կայացնում են, գալիս՝ քանդում»,- նշեց նա։

Նշենք, որ Կառավարության 2006 թվականի որոշմամբ՝ 33-րդ թաղամասը, որի մեջ մտնում են նաև Ֆիրդուսի ու հարակից մի քանի թաղամասեր, ճանաչվել են գերակա շահ։ Գերակա շահ ճանաչելու մասին երկրորդ որոշումն ընդունվել է 2018թվականի մարտին։ Ըստ ծրագրի՝ կառուցվելու են կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ։ Թաղամասի կառուցման ավարտը նախանշված է 2024 թվականին։