Իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, անհնար էր պատկերացնել նույնիսկ ամենասարսափելի երազում։ Այս մասին փետրվարի 10-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Լուսինե Սահակյանը։ 

«Մենք կանգնած ենք երկիրը կորցնելու վտանգի առաջ։ Մենք չպետք է համակերպվենք այն բանի հետ, որ ինչ-որ հողակտոր ենք հանձնել, չպետք է մտածենք, թե  գլխավորն այն է, որ իմ տուն չեն հասել»,-հավելեց նա։

Սահակյանը կարծում է, որ լուրջ, երկարաժամկետ պայքար պետք է տարվի, առանց դրա ոչինչ չի կարելի փոխել։ 

«Պետք է ձեւավորվեն նոր քաղաքական գործիչներ եւ իրավապաշտպաններ։ Հասարակությունը պետք է փորձի առողջանալ ու դուրս գալ այս ճահճից։ Հիասթափություն կա նաեւ քաղաքական գործիչների շրջանում, բայց մեզ պետք են մարդիկ, որոնք պետք է ժողովրդին ճիշտ ուղղորդեն։ Նման մարդիկ պետք է ավելի ու ավելի շատանան։ Մենք պետք է մեր երկրի տերը լինենք ոչ թե խոսքով, այլ գործով»,-նշեց փաստաբանը։