Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տասնյակ աշխատակիցներ եւ այլ քաղաքացիներ այսօր՝ փետրվարի 19-ին, բողոքի ակցիա են անցկացրել Վարդենիսի Ոստիկանական բաժանմունքի դիմաց, այնուհետեւ դատարանի դիմաց: NEWS.am-ի հետ զրույցում տուն-ինտերնատի իրավաբան Ստեփան Դավթյանը ասաց, որ ինտերնատի 3 աշխատակիցներ գիշերն ազատ են արձակվել, իսկ տնօրենի եւ հոգեբույժի կալանքի միջնորդությունը դատարանն այսօր է քննում, գնացել է խորհրդակցական սենյակ:
«Մոտ 250 քաղաքացիներ ժամեր շարունակ բողոքի ակցիա են անցկացնում, կմնանք այնքան մինչեւ դատարանը որոշում կայացնի»,- ասաց նա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ հայտնում են, որ նյարդահոգեբանական տուն–ինտերնատը, որտեղ այս պահին խնամք է ստանում շուրջ 450 շահառու, շարունակում է իր բնականոն գործունեությունը․ խնամք ստացող բնակիչներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումն իրականացվում է անխոչընդոտ։
«Աշխատակցիները շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով։ Որոշ աշխատակիցներ մասնակցում են նաև ՊՈԱԿ-ի տնօրենի և գործընկերների ձերբակալման դեմ բողոքի ակցիաներին՝ ոչ իրենց հերթապահության օրերին կամ ոչ աշխատանքային ժամերին․ այսինքն այն ընթացքում, երբ ազատ են տնօրինել իրենց ժամանակը։
Նախարարությունը կշարունակի համագործակցել իրավապահների հետ՝ գործի հանգամանքները լիարժեք բացահայտելու ուղղությամբ»,- հգայտնում են նախարարությունից։
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են ինտերնատի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը՝ մի շարք չարաշահումների համար։
Հիշեցնենք, որ տուն-ինտերնատում զննության ընթացքում պարզվել է, որ բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց:
Բաժանմունքներից մեկի ճաշասենյակում արձանագրվել է, թե ինչ տեսակի սնունդ է մատակարարվել բնակիչներին: Նույն օրը կայացված որոշումներով ՊՈԱԿ-ից առգրավվել են սննդի և ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները:
Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը:
Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով), 436-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։











