Ժնեւում այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իրանի  արտգործնախարարի հետ հանդիպմանն՝ ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն 2020թ.  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ից, այս համատեքստում ընդգծվել է նաեւ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացումը։

Հայաստանի նախարարը ներկայացրել է նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձեւաչափով, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Կարեւորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ: