Եթե Հնդկաստանից Հայաստանի կողմից լուրջ քանակությամբ «MArG» ինքնագնաց հաուբիցների գնման մասին տեղեկատվությունը ճիշտ է, ապա որոշումը ճիշտ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։
Վերոնշյալ հաուբիցների գնման մասին տեղեկատվությունը հրապարակել են հնդկական լրատվամիջոցները։
Փորձագետի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանը կարող է 70-100 հաուբից գնել։ Նշենք, որ այդ զենքի կրակի հեռավորությունը 24 կմ է։
«Ընդհանուր առմամբ հայտարարվել է, որ Երեւանը նախատեսում է գնել նաեւ 18 «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (կրակի հեռավորությունը՝ 70 կմ-խմբ․), մեծ թվով հակատանկային համալիրներ եւ այլն»,-հավելեց Ներսիսյանը: Փորձագետը չբացառեց, որ հայկական կողմից գիտակցված ընտրություն է կատարվել 152 մմ տրամաչափի օգտագործումից հրաժարվելու ուղղությամբ։ Հաշվի առնելով պայմանագրերի տարբեր փաթեթները՝ խոսքը կարող է լինել մինչեւ 500 մլն դոլարի զենքի գնման մասին։ «Եթե որոշում է կայացվել 152 մմ-ի փոխարեն անցնել նոր տրամաչափին (155 մմ), ապա պետք է համակարգված գնումներ կատարել։ Հայաստանը մեծ կորուստներ է կրել հրետանու մեջ, ուստի բազային տրամաչափը փոխելու որոշումը կարելի է իրատեսական համարել։ Լուծումը ճիշտ է նաեւ այն պատճառով, որ ձեռք է բերվել անիվային մեքենա (ոչ թրթուրային), որը հարմար է լեռնային տեղանքի համար, ունի կարճ փողանցք, ուստի այն թեթեւ է եւ ունի բարձր շարժունակություն։ Կարճ փողանցք ունեցողների մոտ կրակի հեռավորությունը փոքր է, քան երկարների մոտ, սակայն, այնուամենայնիվ, դրանք երկար են կրակում, քան շատ սովետական հաուբիցներ։ Մեկ այլ խնդիր է այն, որ գրեթե բոլորը թրթուրների վրա են, իսկ Հայաստանի ռելիեֆի պայմաններում դա խնդիրներ է ստեղծում»,-նշեց Ներսիսյանը։
Արամ Դանիելյան





























