Մարտի 10-12-ը Երեւանում տեղի կունենա համաժողով՝ «The Future Armenian» նախագծի շրջանակում, որը նոր Համահայկական քաղաքացիական ասամբլեայի նախագիծն է։ Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է The Future Armenian Foundation հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը։
Ապիտոնյանն ասել է, որ նախագիծը համախմբելու է 200 մասնակցի Հայաստանից, Սփյուռքից եւ Լեռնային Ղարաբաղից։
Նա պարզաբանել է, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն նախկինում մշակված 15 նպատակներից երեքը, վաղը կբացվի առաջին փուլը՝ հանրային քննարկումները, որոնց մասնակցելու համար հրավիրված են նաեւ պետական կառույցների ներկայացուցիչներ։
«Նախագծի մոդելը ձեւավորվել է ճգնաժամային հասարակությունների համար եւ հանգում է խնդիրների ուսումնասիրմանը, դրանց քննարկմանը եւ արդյունքների ամփոփմանը»,- ընդգծել է հիմնադրամի ղեկավարը։
Նրա խոսքով՝ հայ հասարակությունն ինքը պետք է մշակի իր ապագայի միասնական հայեցակարգը, ինչպես նաեւ նպատակներին հասնելու մեթոդները։
«Կա՞ հայեցակարգ, որ մենք պետք է պահպանենք պետականությունը, ապահովենք Արցախի անվտանգությունը, պահպանենք Սփյուռքում մեր հայրենակիցների ինքնությունը։ Պետք է լինեն չգրված ճշմարտություններ։ Այն հասարակություններում, որտեղ ձեւավորված քաղաքացիական մեխանիզմները ի վիճակի չեն արձագանքելու խնդիրներին, անհրաժեշտություն է առաջանում լսելու հասարակության ձայնը»,- հավելել է Ապիտոնյանը։
Ծրագրի համահիմնադիր Արթուր Ալավերդյանն իր հերթին պարզաբանել է, որ նախագիծը, որին միացել է 120 հազար մարդ, ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի զարգացման մասին ընդհանուր պատկերացում կազմելուն։
Որպես ռազմավարության երեք կարեւոր դրույթներ նա առանձնացրել է առաջիկա 20 տարվա ընթացքում 15 նպատակների իրականացման խթանումը, հարգալից եւ ազատ հաղորդակցության միջավայրի ստեղծումը եւ երրորդ կողմերին աջակցության տրամադրումը։
Նախագծի մեկ այլ համահիմնադիր Ֆրանսիայից Ռիչարդ Ազարնիան, նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը առանձնահատուկ ճգնաժամ են ապրում, եւ նման դեպքերում սովորական լուծումները բավարար չեն։
«Ընտրական ժողովրդավարությունը, անշուշտ, իր դերն ունի, բայց դժվարությունները, որոնք մենք ապրում ենք պատերազմից հետո, ներառյալ վախն ու անորոշությունը, հնարավոր չէ հաղթահարել միայն ընտրություններով: Անհրաժեշտ է ամբողջ հայ ժողովրդի երկխոսությունը խորքային մակարդակով հաստատել, որն ուղղված կլինի ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը»,- եզրափակել է նա։





























