Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը, չնայած միջազգային դատարանի որոշմանը, շարունակում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ԵՄ-ն պետք է ուժեղացնի Ադրբեջանի վրա ճնշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ 

«ԵՄ-ն Ադրբեջանի հետ համաձայնության է եկել էներգետիկայի ոլորտում, եւ հենց դա կարելի է օգտագործել որպես կրիտիկական հարթակ հարցի քննարկման համար։ Հնարավոր է, որ նախագահ Իլհամ Ալիեւը նույնքան ավտոկրատ է, որքան Պուտինը, բայց չեմ կարծում, որ նախագահ Ալիեւը կցանկանա հայտնվել նույն իրավիճակում, որում հայտնվել է նախագահ Պուտինը եւ դառնալ միջազգային ագրեսոր։ Եվ հենց այդ պատճառով եւս մեկ անգամ կոչ եմ անում Ալիեւին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»,-ասել է նա։