Մենք արդեն Հայաստանի տարածքից ենք հատվածներ կորցնում եւ սա շարունակվելու է. այս իշխանության գոյության պարագայում մենք ցանկացած տարբերակում ոչինչ չենք ստանա, եթե նույնիսկ արտաքին շատ դրական հնարավորություններ բացվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Քաղաքականության մեջ ոչ ոք հենց այնպես ոչինչ չի ստանում, ստանում են մտածված քայլեր անելով, մտածված քաղաքականություն վարելով, հասկանում են՝ աշխարհում ինչ խպրոցեսներ են գնում եւ գտնում են իրենց տեղը այդտեղ:

Ես իրոք, կարծում եմ, որ հիմա մեզ համար հնարավորություններ կան եւ Ադրբեջանի ագրեսիան նրանով է պայմանավորված, որ հասկանում են, որ ժամանակն իրենց դեմ է գործում: Նրանք դրա համար փորձում են արագացված քայլեր անել: Լուծումը այս իշխանությունների հեռացումն է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է պտկերացնում իշխանափոխությունը, կա՞ն դրա համար ռեալ հնարավորություններ, քաղաքագետը պատասխանեց. «Սպասվում են Երեւանի ընտրություններ, որը կարող է վերածվել իշխանափոխության: Ես չեմ պնդում, որ այդպես կլինի,  դա կախված է նրանից, թե արդյոք կլինեն մասնակիցներ, որոնք կկարողանան  քաղաքապետի ընտրությունները վերածել իշխանության ընտրությունների: Դրա համր պետք է լինեն վստահելի քաղաքական ուժեր, որոնք հասկանալի քաղաքականությամբ հանդես կգան եւ հանրության մեջ կարողանան խոսել: Դա կախված է նաեւ հանրությունից, որ ընկալի նման մեսիջները եւ իր ջանքերը ներդնի: Ես չէի ասի, որ այդ իշխանափոխությունն անհնարին բան է»: