Տեղ գյուղից դեպի համապատասխան սահմանային գոտի, որտեղ այդ գոտի գնալու խնդիրներ կան, կա ոստիկանական անցակետ, և ոստիկանությունը մեր տարածքում, ըստ անհրաժեշտության, բազմաթիվ անցակետեր է դնում կամ պարեկային շրջիկ երթևեկություն է իրականացնում. Ադրբեջանն ի՛նչ գործ ունի ընդհանրապես խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետ դնում. նման բան չկա և չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի ճանապարհին Ադրբեջանի անցակետեր տեղադրելու հավանականության մասին հարցին:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածք ներթափանցած Ադրբեջանի քաղաքացիներին վերադարձնելու հարցին, նա ասաց. «Դեռևս նման հնարավորություն չեմ տեսնում: Եթե տեղի է ունեցել հանցագործություն՝ մարդասպանություն, սահմանի խախտում, դա պետք է ամբողջությամբ քննվի, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, նոր դրանից հետո քաղաքական պրոցեսներ լինեն: Մենք էլ այնտեղ գերիներ ունենք, և ինչ պրոցեսներ կընթանան՝ չեմ կարող ասել, բայց մի բան հստակ կասեմ, որ քննությունը դատախազությունում և քննչական մարմիններում չի ընդհատվելու, արարքը որակվելու է, և հանցագործը դատի է տրվելու: Դրանից հետո ինչ միջպետական պայմանավորվածություններ կլինեն՝ կախված է իրավիճակից»:
Անդրադառնալով հայ գերիների հետ փոխանակման գործընթացի բանակցությունների հավանականությանը՝ Խաչատրյանն ասաց, որ առնվազն նախաքննության ընթացքում դա բացառում է:











