Հայաստանում Եվրամիության մոնիտորինգային առաքելությունն արդեն լավ մեկնարկ է ունեցել. Նրանք անում են առավելագույնը, որ կարող են իրենց սահմանափակ կարողությունների շրջանակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը:
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը.
Պարոն դեսպան, արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում է տեղակայվել Եվրամիության դիտորդական քաղաքացիական առաքելությունը, որի ղեկավարը գերմանացի է։ Ինչպե՞ս կգնահատեք առաքելության գործունեությունը։
Կարծում եմ՝ Եվրամիության մոնիտորինգային առաքելությունն արդեն լավ մեկնարկ է ունեցել։ Նրանք անձնակազմը կադրերով համալրելու փուլում են, բայց արդեն մի քանի ամիս է՝ նրանք գործունեությունը սկսել են։ Նրանք մոնիտորինգային շրջայցեր են կատարում այն տարածքներում, որոնք իրենց մանդատի շրջանակում են եւ կապեր են հաստատել համայնքային իշխանությունների, տեղի բնակչության հետ։ Նրանք արդյունավետ հաղորդակցություն են կառուցում, վստահություն են ձեւավորում այդ շրջանում ապրող մարդկանց համար։ Կարծում եմ՝ դա այդ առաքելության գլխավոր նպատակներից մեկն է, որ իրավիճակը կայունացնեն եւ վստահության մթնոլորտ ստեղծեն։
Կոնկրետ ինչո՞վ են նրանք զբաղվում։
Որքանով որ տեղյակ եմ՝ նրանք պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր։ Նրանք շփվում են, քննարկումներ են ունենում տեղի բնակչության հետ, լսում են նրանց կարիքների, ցանկ ությունների մասին եւ փորձում են որոշակի մակարդակի վստահություն ստեղծել իրավիճակի կայունության հանդեպ եւ նրանք ընդհանուր առմամբ մշտադիտարկում են իրավիճակը։
Նրանք արդեն զեկույցներ պատրաստե՞լ են։
Նրանք զեկուցում են Բրյուսել։
Ինչքա՞ն հաճախ են նրանք զեկույցները ներկայացնում։
Չգիտեմ։ Չեմ կարող մանրամասներ հայտնել։ Նրանք զեկուցն ուղարկում են Բրյուսել, որն այնուհետեւ փոխանցվում է Եվրամիության համապատասխան մարմիններին։ Մենք որպես դեսպանություններ ընդգրկված չենք գործառնական հարցերում։ Այդ պատճառով չեմ կարող շատ մանրամասներ հայտնել։
Քանի՞ դիտորդ կա այժմ առաքելության կազմում։
Ի վերջո առաքելության կազմում պետք է լինի ավելի քան 100 դիտորդ, ինչքանով որ տեղյակ եմ, այժմ դրա կեսն են միայն եւ այդ թիվը կանոնավոր կերպով աճում է։
Պարոն դեսպան, մենք իրականում չենք տեսնում այդ զեկույցների արտացոլանքը Եվրամիության պաշտոնյաների հայտարարություններում։ Անգամ վերջին սահմանային լարվածությունից հետո, ինչի հետեւանքով հայկական կողմից մեկ զոհ եղավ։
Կարծում եմ, որ կա հաղորդակցություն Հայաստանի, Եվրամիության, անդամ երկրների, տարածաշրջանում ներգրավված երկրների իշխանությունների միջեւ։ Նրանք անում են առավելագույնը, որ կարող են իրենց սահմանափակ կարողությունների շրջանակում։ Նրանք հիմա 50-ն են եւ կդառնան 100։ Շատ երկար սահմանի մասին է խոսքը։ Նրանց մանդատը ներառում է ամբողջ սահմանը՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Նախիջեւանի հետ։ Այդ պատճառով նրանք չեն կարող լինել ամեն պահի ամենուր։ Բայց նրանք, իհարկե, փորձում են ներկա լինել ֆիզիկապես՝ միեւնույն ժամանակ հաշվի առնելով անվտանգային կողմը։
Նրանց կոչված են իրենց ներկայությամբ ավելի անվտանգ դաձնել տարածաշրջանը, բայց օրինակ վերջին սահմանային սրացումները ավելի անվտանգ տարածաշրջանի մասին չեն վկայում։
Նրանք փորձում են հնարավորին չափ կայունություն եւ անվտանգություն ստեղծել , ի վերջո այնքան, որքան որ կարող է անել քաղաքացիական առաքելությունը։
Հունիսի 1-ին Քիշնեւում սպասվում է հնգակողմ հանդիպում, որին կմասնակցի նաեւ կանցլեր Օլաֆ Շոլցը։ Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ դեռ որոշում չունեն՝ արդյոք Իլհամ Ալիեւը կմասնակցի այդ հանդիպմանը, թե ոչ։ Չե՞ք կարծում, որ նման հայտարարությունը բացասաբար է անդրադառնում հարաբերությունների կարգավորման Գերմիայի ջանքերի վրա։
Ես չեմ կարող ավելին ասել, քան այն, ինչ հրապարակվել է Շառլ Միշելի կողմից։ Մեր ունեցած տեղեկատվությունն այն է, ինչ հրապարակվել է։
Օլաֆ Շոլցը հայտարարեց, որ անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այլ նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ինչպե՞ս եք դուք տեսնում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը։
Ես չեմ կարող որեւէ բան ավելացնել նրան՝ ինչ ասել է կանցլերը։ Գերմանիան անում է լավագույնս՝ աջակցելու համար կարգավորման գործընթացին որը, իհարկե, պետք է անդրադառնա նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի շահերին, իրավունքներին եւ անվտանգությանը։
Գերմանիան պատրա՞ստ է միջնորդ լինել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմների ստեղծման դեպքում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը դեմ է միջազգային մեխանիզմների ստեղծմանը։
Ես չեմ կարող մանրամասնել, քանի որ բանակցությունները գաղտնի են եւ ես մանրամասներին չեմ տիրապետում։
Շնորհակալություն:











