Մայիսի կեսերին, խափանման միջոցի քնության ժամանակ մենք շատ խիստ ռեժիմ էինք առաջարկում, տնային կալանքը շատ խիստ ռեժիմ է, որը ենթադրում է, որ անձը տնից դուրս գալու հնարավորություն չունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց  փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա հայտնեց, որ եթե դատարանը տնային կալանքը թողնի ուժի մեջ, ապա իրենք Արդարադատութայն նախարարության պրոբացիոն ծառայության հետ պետք է աշխատանքներ կատարեն:

«Ես հուս ունեմ, որ այդ հնարավորությունը կտրվի առնվազը հունիսի 10-ին Եռաբլուր այցելելու հետ կապված՝ տիկին Գայանեի որդու՝ Ժորա Մարտիրոսյանի  ծննդյան տարեդարձն է»,-հայտնեց Մելիքյանը և բացատրեց, որ տնային կալանքի դեպքում էլեկտրոնային սարք է տեղադրվում  ոտքին, որը ֆիքսում է տեղաշարժը, նաև  էլեկտրոնային ծառայություններից՝ զանգերի, կապի մեջ մտնելու որոշակի արգելք է սահմանվում:

Իրավապաշտպանը բացատրեց, որ տնային կալանքը նշանակում է, որ տիկին Գայանեի հետ պետք է տանը մարդ լինի, որպեսզի կարողանան ապահովել կալանքի պայմանները և նրա աղջիկն ու փեսան դատարանում հաստատել են, որ պատրաստ են գնալ նրա տուն:

«Տնային կալանքը բավական խիստ խափանման միջոց է, բայց այս որոշման տևողությունը մինչև ներկայում ընթացող դատական նիստում դատարանի որոշման կայացումն է: Ես հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազությունը անգամ չի փորձի նորից կալանքի մասին մտածել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը: