Տավուշի մարզում, Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհի Այրում կայարանի հատվածում սողանքի հետեւանքով մայրուղու վրա առաջացած փլվածքի տակից դեռեւս մարդ չի հաջողվել դուրս բերել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին օպերատիվ շտաբում: Այս պահին եւ մինչեւ մութն ընկնելը, եղանակային պայմաններով պայմանավորված սողանքի հատվաշում շարունակվելու են որոնողափրկարարական աշխատանքները: Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ավելացվել է հավելյալ մասնագիտացված տեխնիկա: Բացի այդ ավելացվել է նաեւ փրկարարների թիվը՝ հասցնելով 100-ի: Հիշեցնենք, որ մինչ այդ սողանքային տարածքում աշխատել է 77 փրկարար:
Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, սողանքի հետեւանքով փլուզված (Ֆոտոռեպորտաժ, վիդեո) M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Բագրատաշեն ուղղությունը: Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհով երթեւեկելուց:
Հիշեցնենք, որ անհայտ կորած է համարվում 5 մարդ՝ . Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ), Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ), Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով:


























