Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 3-ին, այցելել է Տավուշի մարզ, որպեսզի տեղում ծանոթանա նախորդ օրը` հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի ունեցած սողանքի հետեւանքներին:  Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի:  Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի ու բեռնատարողության 35 ավտոմեքենա (Ֆոտոռեպորտաժ, վիդեո):

Դեպքի մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ` միջոցներ ձեռնարկելու սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղեւորներին օգնություն ցուցաբերելու համար:

Նշենք նաեւ, որ ճանապարհը վերանորոգվել է 1996-97թթ. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: