Երեւանի ավագանու ընտրության արդյունքները ցույց են տալու այս իշխանության լեգիտիմության աստիճանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Թարվերդյանի կարծիքով՝ անգամ եթե իշխանությունը, վարչական ռեսուրս օգտագործելով, ամենից շատ ձայները հավաքի, միեւնույն է, միայնակ իշխանություն չի կարողանալու ձեւավորել։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահություն էր հայտնել, որ առաջիկա ընտրություններում հաղթելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, եթե անգամ ընտրությունները լինեն եկող շաբաթ:
«Քաղաքական թիմի լիդերներից մեկն ասում է՝ նրանք կհաղթեն, երբ մեկ այլ լիդեր, որն այսօր դե ֆակտո ղեկավարում է քաղաքը, ասում է՝ մեկ փոսը մեկ ամսում չեք կարողանում լցնել։ Սա նրա խոսքերն են։ Մարդիկ չեն կարողանում աշխատել, գուցե շատ են ցանկանում։ Իրենք այդպես փակուղիի են հասցնում բոլոր ոլորտները։ Չգիտեմ՝ ԱԺ նախագահի վստահությունը որտեղից է գալիս»,- նշեց Թարվերդյանը։
Թարվերդյանի կարծիքով՝ հնարավոր է Սիմոնյանի հայտարարությունը «քաղաքական բլեֆ» էր, որպեսզի քաղաքական ուժի ճաքն ավելի չմեծանա։
«Դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն տեղեկություն կա, որ նախընտրական շրջանում նախատեսում են ունենալ 60 շտաբ, ինչը հաստատում է փաստը, որ իրենք վստահ չեն իրենց հաղթանակին։ Թաղային հեղինակություններին, հարգանք ունեցող անձնանց պարտադրում են աշխատել այդ թիմի համար։ «Զոռբայությամբ» բերում են մարդկանց՝ իրենց քաղաքական թիմին սպասարկելու։ Չգիտեմ՝ այս ամենն ինչի կբերի նրանց, բայց քաղաքացին այս ընտրությունը պետք է դիտարկի որպես քաղաքական թիմի ընտրություն։ Երեւանի ընտրությունը ցույց կտա, որ իշխող ուժը չունի լեգիտիմություն աշխարհաքաղաքական հարցերում ինքնուրույն որոշում կայացնելու, եւ նա ստիպված կլինի հաշվի նստել դրա հետ»,- ընդգծեց Թարվերդյանը։
Թարվերդյանի կարծիքով՝ այն, որ իշխող կուսակցության՝ քաղաքապետի ընտրություններին վերաբերող նիստերը վարում է Փաշինյանը, նույնպես ցույց է տալիս, որ նա վստահ չէ ՔՊ հաղթանակի հարցում։











