Ադրբեջանը գնալով նեղն է ընկնում, դրա համար կատաղում է. եթե մենք 2 տարի առաջ այսպես խոսեինք, առանց որեւէ բանի կհարձակվեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

Նա համաձայն չէ, որ միջազգային հանրություն աչք չի փակում Ադրբեջանի հայտարարությունների ու գործողությունների առջեւ. «Միջազգային հանրությունը գուցե ոչ այդ ակտիվությամբ, ոչ այդ արդյունավետությամբ, դանդաղ, բայց իր գործն անում է: Այսօր միջազգային հանրության գործելակերպի դեմ երկու արտաքին եւ մեկ ներքին ուժ է պայքարում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ ներսում՝ 5-րդ շարասյունը:

Դրանք եռապետություն են կազմել Հայաստանի դեմ, ու այստեղ պայքարը միայն Հայաստանի ռազմական կամ տարածքային հարցը չէ, այստեղ նաեւ քաղաքական հարց կա, որի մսին չեն խոսում: Ոչ Ռուսաստանին, ոչ Ադրբեջանին ձեռք չի տալիս դեմոկրատական Հայաստանը, որովհետեւ նրանք երկուսն էլ բռնապետական են, երկուսն էլ չեն ցանկանում, որ Հայաստանի դեմոկրատիայի ուղղությամբ ավելի մեծ հաղթանակների հասնի: Հայաստանը փուշ է դարձել բոլոր դիկտատորական պետությունների համար»,-ընդգծեց Հակոբ Ասլանյանը: