Մի անգամ մի հայտնի փաստաբան, որ իրականում փաստաբան չէր այլ հայտնի միջնորդ էր, հարց տվեց՝ բա ի՞նչ անենք, որ բոլոր փաստաբանները փող են տանում դատավորներին, կոռուպցիայի միջնորդ են. պայքարի ձեւը միակն է՝ դու ինքդ դրան չես մասնակցում: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Դու ինքդ պետք է այդպես ապրես, որ ինչ-որ բան փոխվի թեկուզ քո կյանքում: Ես խոսում էի հակակոռուպցիոն դատարանների մասին: Ես ունեմ ընկեր, որ այդ դատարաններից մեկի նախագահն է, իմ երեխայի էլ քավորն է: Մենք հիմա էլ չենք շփվում իրար հետ, մեր կապը խզվեց: Ես ունեմ ընկեր, որ ՍԴ դատավոր է, որ եղել է իմ պաշտպանյալի մտերիմ ընկերը, ես հավերժ ջնջել եմ այդ մարդուն իմ կյանքից: Ես ունեմ ընկեր, որ գլխավոր դատախազի տեղակալ էր, նրան բարեւ չեմ տալիս, որովհետեւ նա Նիկոլից պաշտոն է ստացել: Սա է պայքարը: Ես զրկվել եմ բազմաթիվ ընկերներից»,-ասաց ն:
Աթանեսյանը հիշեցրեց, որ երբ ժամանակին ինքը պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանի շահերը, շատերն իրեն վախից բարեւ չէին տալիս, որ ընդդիմադիր գործչի է պաշտպանում. «Հիմա երբ Նիկոլը եկավ իշխանության, ես քննադատում եմ Նիկոլին, այդ նույն մարդիկ ինձ բարեւ չեն տալիս այդ պատճառով: Երջանիկ հայեր են այդ մարդիկ: Որոճացեք ձեզ բաժին ընկած խոտը, մինչեւ կգա առավոտը»,-ասաց նա:











