Արցախում իրավիճակը փոխվում է ժամերի ու օրերի ընթացքում, պատկերացրեք, որ մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ հետագա մեր քայլերը ձեռնարկելու համար չկարողանանք սպասել Արցախի նախագահի կողմից հայտարարված 7 օրվան: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, ըստ որի եթե մեկ շաբաթում լուրջ փոփոխություն չեղավ, գուցե ծայրահեղ քայլերի գնան:
Հարցին, թե ի՞նչ ծայրահեղ քայլերի մասին է խոսքը, նա պատասխանեց. «Որպեսզի մեր հետագա քայլերը վաղաժամ բացահայտած չլինենք, մարտավարական առումով ճիշտ չէր լինի դրա մասին բարձրաձայնելը՝ հաշվի առնելով նաեւ բնակչության մոտ ստեղծված իրավիճակը: Նախագահի կողմից այդ հայտարարությունն անելուց հետո էլ մենք ոչ թե պետք է նստենք ու սպասենք, թե ինչ կլինի 7 օր հետո, այլ առաջին իսկ վայրկյանից շարունակեն համախմբման գործընթացը, պետք է այդ օրերի ընթացքում անընդհատ Հայաստանում, Սփյուռքում կազմակերպվող ամենատարբեր ակցիաների միջոցով բոլորին հասանելի դարձնենք այն իրավիճակին, որի մեջ ապրում է արցախցին: Դրանից հետո մենք մեր քայլերի մասին պարբերաբար կտեղեկացնենք եւ պարզ կլինի, թե ինչ ընթացք կստանա շարժումը»:











