ՀՀԿ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում Հայկ Մամիջանյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը «դանոս» է գրել։

«Դե, ամբողջ կյանքը «դանոս» գրած մարդը, երբ չի հասկանում, թե ինչ է գրված տեքստի մեջ, մտածում է, որ դա էլ է այդպիսին։

Նախագահ Սարգսյանի բաց նամակները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին նոր հույսի, նոր օրակարգի հնարավորություն բացեցին բոլոր հայերի համար», - ասաց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ բաց նամակ է գրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կոչ անելով կանգնեցնել հումանիտար աղետն Արցախում:

Փաշինյանն ասուլիսի ընթացքում անդրադառնալով նամակին՝ ասել էր. «Հա՛մ իրեն արժեզրկեց, հա՛մ երկիրն արժեզրկեց, հա՛մ էլ ոչ մեկը, բնականաբար, չի հիշելու այդ նամակի հայտարարված նպատակի մասին, որովհետեւ բոլորի առաջին ռեակցիան այն է լինելու, որ Հայաստանի նախկին ղեկավարը ոչ լեգիտիմ, «դանոս» է գրել օտար պետությունների ղեկավարներին գործող ղեկավարի մասին»: