Մինչ այսօր հորս հետ ոչ մի կապ չենք հաստատել, միայն հուլիսի 29-ի երեկոյան մեզ հայտնել են, որ այցելել են հորս Բաքվի հիվանդանոցներից մեկում, նույնիսկ չնշելով, թե որ հիվանդանոցում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հուլիսի 29-ին Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը:

«Տեսակցել են, հայրս գտնվում էր լավ վիճակում, սակայն ես չեմ կարող հավատալ ոչ մեկի խոսքին: Ես այսօր պահանջում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ապահովել տեսազանգ հորս հետ, որպեսզի իմանամ, թե հայրս ֆիզիկապես ինչ վիճակում է, հոգեպես ինձ արդեն հայտնի է: Ասում են՝ կարող եք բանավոր խոսք փոխանցել, բայց թե ես, թե հայրս, թե ընտանիքիս մյուս անդամները բանավոր փոխանցելու ոչինչ չունենք, քանզի մենք գիտենք՝ ինչ ենք զգում միմյանց նկատմամբ, ինչ կարող ենք փոխանցել միմյանց: Դրա համար ինձ այժմ միայն պետք է տեսնել հորս, թե ինչպիսի ֆիզիկական վիճակում է գտնվում:Միգուցե կոմայի մեջ է, դրա համար տեսազանգ չեն ապահովում, կամ միգուցե այլեւս ֆիզիկապես մեզ հետ չէ: Դա ամենաանտանելի ցավն է, որ կարող է դուստրը բարձրաձայնել  իր հոր մասին, բայց այսօր ես եմ հայտնվել այդ վիճակում: Յուրաքանչյուրը կարող էր լինել իմ տեղը»,-ասաց նա:

Վերա Խաչատրյանը հավելեց, որ այստեղ ոչ միայն իրենց ու հայ ժողովրդի իրվունքներն են խախտվել, այլեւ Կարմիր խաչի. «Նրանց երաշխավորության ներքո էր հայրս գալիս Հայաստան բուժում ստանալու, ուստի իրենք եւս կրում են պատասխանատվություն հորս առեւանգման հարցում:

Հայրս հանդիասացավ ապացույցը, որ նրանք յուրաքանչյուր պահի, հենց կարողացան իրենց ձեռքը հասցնել որեւէ արցախահայի, վնաս են հասցնելու: Նրանց հետ ապրել ուղղակի անհնար է: Երեկ էլի մարդ են առեւանգել»,.-ասաց դուստրը:

Նա նշեց, որ ՄԱԿ-ին ուղղված իր նամակին դեռ պատասխան չի ստացել:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։