Երբ մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանը դարպաս է ԵԱՏՄ-ի համար կամ ԱՄԷ-ի գլոբալ առեւտրային հաբ լինելու մասին ենք խոսում, բնականաբար, ենթադրվում է, որ այդ երկու երկրների ընկերությունները նաեւ վերաարտահանման զուտ միջնորդային գործունեություն իրականացնեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այդտեղ ամեն ինչ նորմալ է եւ ուզում եմ ասել, որ Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, որ ՀՀ-ում գործող ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ: Մենք մեր գործիքակազմով փորձում ենք բացառել սանկցիոն ապրանքների առեւտուրը, որը կարող է հարված հասցնել թե ընկերություններին, թե տնտեսությանը»,-ընդգծեց նախարարը:
Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 18-ին անցկացվում է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Համաժողովը կազմակերպվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։
Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։











