ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի գործով եւ՛ առաջին ատյանի, եւ՛ Վերաքննիչ դատարանների դատավորներին պաշտպանական կողմը բացարկ է հայտնել, սակայն միջնորդությունները մերժվել են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Լեւոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Միջնորդությամբ հիմքն այն էր, որ դատավոր Մասիս Մելքոնյանը մինչ դատավոր դառնալը եղել է քաղաքական դերակատար, ակտիվ զբաղվել է քաղաքականությամբ, ունեցել է հստակ բացասական դիրքորոշում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։ Նրա հրապարակումները ողջամտորեն երրորդ անձի մոտ կարող ստեղծվել տպավորություն, որ տվյալ դատավորը կարող է ունենալ բացասական վերաբերմունք ունենալ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի նկատմամբ։ Դատավորը չհերքեց, որ նման գործունեությամբ է զբաղվել, եղել է որպես քաղաքական հակառակորդ, բայց նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ունի մեծ հարգանք, եւ այն բանից հետո, երբ նա երդվել է դատավոր դառնալուց առաջ՝ հավատարիմ լինել Սահմանադրությանն ու օրենքներին, սա նշանակում է, որ նա կարող է օբյեկտիվ քննել այս միջնորդությունը։ Ես չեմ կարող բնութագրել, թե սա ինչ հիմնավորում է, որ որովհետեւ ես նման հիմնավորում գործանակում չեմ տեսել։ Այս ամենից հետեւություն, թե ինչի՞ համար է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ինքնաբացարկի միջնորդությունը։ Եթե բոլոր դատավորները երդվում են, ուրեմն բոլորն անաչա՞ռ են: Մոտ 9-10 ժամ դատական նիստ է տեղի ունեցել, պարզապես կես ժամ հետո ներկայացվել է որոշումը՝ Լեւոն Քոչարյանին 1 ամսով կալանավորելու։ Մենք նիստի ընթացքում այդքան ժամ նեկայացրել ենք մեր փաստերը, իսկ քննիչը պարզապես չի ներկայացրել հակափաստարկներ, որովհետեւ չուներ էլ օբյեկտիվ նման հնարավորություն»,- ասաց Ալեքսանյանը։
Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին բացարկ հայտնելու միջնորդության հիմքերին՝ փաստաբանն ասաց․
«Իշխանափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվեց ապօրինի քրեական հետապնդում, այդ քրեական վարույթի շրջանակներում Դավիթ Արղամանյանը մասնակցել է Շենգավիթ նստավայրի դիմաց տեղի ունեցած ցույցերին։ Գործը մակագրվել էր Մհեր Արղամանյանին, մենք այդ ժամանակ ներկայացրին ինքնաբացարկի միջնորդություն, որի հիմքում դրված էր այդ հանգամանքը, ինչից հետո Արղամանյանը բացարկ էր հայտնել այդ գործով։ Այժմ նույնպես նույն հիմքով ինքանաբացարկ է ներկայացվել նրան, սակայն Արղամանյանը մերժել է ինքնաբացարկը, վարույթ է ընդունել մեր վերաքննիչ բողոքը եւ արդեն նշանակել է որոշման հրապարակման օր։ Մհեր Արղամանյանը պատահական չի ընտրվել այս բողոքով որպես նախագահող դատավոր։ Այն ժամանակ երբ մեր կողմից ներկայացվեց հատուկ վերանայման բողոք՝ մակագրման համակարգիչը չի աշխատում։ Նման իրավիճակ էր նաեւ 2021-ին, երբ վերաքննիչ բողոքները պետք է քննվեին Սյունիքի համայնքապետերի գործերով»։
Ալեքսանյանն ասաց, որ երեկ Լեւոն Քոչարյանի եւ 2 բերետավորների միջեւ տեղի է ունեցել առերեսում․ «Առերես հարցաքննության ժամանակ նրանց տված «սուպեր մեղադրական ցուցմունքները» լիովին փոխվեցին։ Լեւոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, 24-ին երբ նա հարցաքննվում էր, մենք միջնորդեցինք, որ Լեւոն Քոչարյանի եւ բերետավորների միջեւ տեղի ունենա առերեսում։ Բանավոր միջնորդությունը պետք է քննարկվի անհապաղ, քննիչը չգիտեմ՝ մոռացավ, թե հոգեվարքի մեջ ընկավ, այդպես էլ մեր միջնորդությունը չքննարկվեց։ Հաջորդ օրը Կոչուբաեւը գրավոր միջնորդություն է ներկայացնում, որ կատարեն առերես հարցաքննությունը։ Պետք է գրավոր միջնորդության դեպքում 7-օրյա ժամկետում կայացվի որոշում, բայց խախտվեց, տեղի ունեցված ուշացված։
Հոկտեմբերի 22-ին լրանում է Լեւոն Քոչարյանի կալանքի ժամկետը։ Եթե վարույթն իրականացնող մարմինը որոշի, որ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն պետք է ներկայացնի, այն պետք է ներկայացնի ժամկետը լրանալուց 5 օր շուտ։ Ես ենթադրում եմ, որ տեղի է ունեցել առերեսումը 2 հոգու մասով, որպեսզի այն 2 հոգուն պահեն զապասով, որպեսզի կալանքի ժամկետի երկարացման քննարկման շրջանակներում քննիչն ասի՝ ոնց կարելի է թողնել անազատության մեջ, 2 ոստիկանների միջեւ դեռ չի կատարվել հարցաքննություն։
Ի սկզբանե երբ Լեւոն Քոչարյանը բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք, այդ ժամանակ Կոչուբաեւը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խոշտանգման փաստի առթիվ, այժմ նա ունի տուժողի կարգավիճակ։ Նա այդ վարույթով հարցաքննվել է, սակայն ոստիկանության այն աշխատակիցները, որոնք ներգրավված են այդ խոշտանգման գործողություններում, որեւէ կերպ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չեն ստացել եւ նրանց միջեւ առերես հարցաքննություններ տեղի չեն ունեցել»։
Փաստաբանն ասաց, որ կալանքի հիմքերից մեկը քննության խոչընդոտելու ռիսկն է եղել․ «Քննության խոչընդոտելու հիմքն ունի մի քանի տեսակներ՝։ Դատարանը արձանագրել է, թե Լեւոն Քոչարյանը ազատության մեջ մնալով, կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող մասնակիցների վրա։ Դատական ակտը որոշակիության եւ պատճաբանվածության մասով ունի ցածր աստիճան։ Պարզապես քննության խոչընդոտելու որեւէ հիմքի գոյության մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ դրա գոյությունը հաստատող որեւէ փաստական տվյալ պարզապես չկա։ Ոստիկանության աշխատակցի վրա ազդեցություն գործադրելը պետք է լինի իրատեսական, նա սովորական քաղաքացի չէ»։











