Վալոնիայի արտահանման եւ ներդրումների գործակալության աջակցությամբ Հայաստան են այցելել բելգիական ընկերությունների ներկայացուցիչներ՝ տնտեսական կապերի ընդլայնման նպատակով։ Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 19-ի հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Բելգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ դը Մյունքինը։
Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայ գործընկերներն առաջարկել են խորացնել համագործակցությունը դեղագործությունում, ժամանակակից տեխնոլոգիաների եւ այլ ճյուղերում, ասել է դիվանագետը։
«Ֆլանդրիայի եւ Բրյուսելի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, եւ դեսպանությունը պետք է կապող օղակ ծառայի երկու երկրների բիզնեսի միջեւ»,- ասել է դեսպանը։
Գործակալության խորհրդական Էրիկ Բելթարն, իր հերթին, պարզաբանել է, որ Հայաստան կգան շինարարական սեկտորի, դեղագործության, էլեկտրոնիկայի, ինչպես նաեւ թափոնների վերամշակման ոլորտների ընկերությունների ներկայացուցիչներ։
«Հայ գործընկերները ցանկություն են հայտնել համագործակցություն հաստատել առողջապահության եւ էներգետիկայի ոլորտներում»,- ասել է նա։
Էրիկ Բելթարը նշել է, որ ապրանքաշրջանառությունը երկրների միջեւ աճում է, 2021-2022թթ. ընթացքում այդ ցուցանիշը ավելացել է 10 տոկոսով, իսկ այս տարի կանխատեսվում է 50 տոկոս աճ։
Նրա խոսքով՝ բելգիացի գործարարները հետաքրքրված են թանկարժեք մետաղների ոլորտում համագործակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանի պոտենցիալով՝ այլ երկրներ ապրանքների վերարտահանման տեսակետից։
«Հայաստանը օտարերկրացիներին հետաքրքրում է նաեւ իր մշակութային եւ պատմական ժառանգությամբ։ Համագործակցության հետաքրքիր ոլորտ է տուրիզմը, հյուրանոցային բիզնեսը։ Արդեն կան բելգիական ընկերություններ, որոնք սարքավորումներ կմատակարարեն եւ ծառայություններ կմատուցեն»,- նշել է Վալոնիայի արտահանման եւ ներդրումների գործակալության խորհրդականը։
Հայ-բելգիական առեւտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն, իր հերթին, հայտարարել է, որ թե՛ Բելգիայում, թե՛ Հայաստանում զարգացած է նանոտեխնոլոգիաների ոլորտը, եւ այդ ճյուղում կա համագործակցության, համատեղ ձեռնարկության բացման հեռանկար։
Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, ապա 2-3 տուրիստական ընկերություն Բելգիայից արդեն ներառել է իր երթուղիներում Վրաստանն ու Հայաստանը։











