ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած նիստին՝ արտահերթ ելույթի ժամանակ, անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որտեղ վերջինս խոսել էր դատական գործընթացներում առկա բացթողումների մասին:
«Ձեզ մեկը կողքից լսի, կմտածի, որ Մամիկոն Ասլանյանը իշխանության համար ամենամեծ վախենալու բանն էր:
Ես դատական համակարգի հետ ուրիշ խնդիր ունեմ: Ինչո՞ւ նստած չեն այն մարդիկ, որոնք վաղուց պետք է նստած լինեին:
Ինչո՞ւ կան մարդիկ, որոնց բռնում են, բայց մի քանի ժամ հետո բաց են թողնում։ Ինչի՞ համար, նախ, երևի, պետք է այդ մարդկանց չբռնել, եթե հետո բաց են թողնելու:
Ինչի՞ նստած չեն այն մարդիկ, որոնք վաղուց պիտի նստած լինեին. այն մարդիկ, որոնք հեղափոխության օրվանից՝ 2018 թվականից սկսված արդեն վաղուց պետք է դատված լինեին, էդ մարդիկ ինչի՞ նստած չեն։ Իմ հարցն էլ դա է»,-հարց բարձրացրեց ԱԺ խոսնակը՝ հավելելով, որ ինքը շատ վատ է վերաբերվում, երբ խոսքը ծղկեցնելու համար մանիպուլյացիաներ են արվում շատ զգայուն թեմաների շուրջ:
«Այն արդարադատությունը, որն իրականացվում է, այո՛, շատերին ձեռնտու չէ: Մարդիկ, որոնք Մարտի մեկ են արել, ընտրություն են կեղծել, մարդկանց ծեծել են տվել, թալանել են այս երկիրը, որոնք սեփականաշնորհել են այս երկիրը, գույքը պարտքի դիմաց տվել են, հետո վերցրել են, հետո տվել են իրենց տղաներին, հետո մենաշնորհներ են ստեղծել, այդ մարդիկ ինչո՞ւ նստած չեն»,- դիմելով դատական իշխանության ներկայացուցիչներին՝ արձանագրել է Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ Հայաստանի ժողովրդավարության աստիճանը երբևէ այսքան բարձր չի եղել:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք, որպես ժողովրդավար երկիր, երկու քարի արանքում են հայտնվել, չեն միջամտում դատական գործերին։
«Էդ Դուք սո՞ւրբ եք։ Չեմ ուզում անուններ տալ, բայց մի մարդու, որը գունդը գրաված մարդկանց համար հաց էր տանում՝ մտածելով, թե լավ բան է անում։ Այդ մարդուն 11-12 անհամատեղելի հիվանդությամբ տարաք, էնքան նստացրեցիք մինչև մեռավ։
Էնքան պահեցին այդ մարդուն, որ մահացավ։ Լրագրող Գեղամ Մանուկյանն ինչու չգնաց և այդ օրվա խանություններին հարցրեց՝ էդ ի՞նչ եք անում»,- արձագանքեց նա։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ Մամիկոն Ասլանյանին պահում են բանտում, որովհետև իշխանությանը դուր չեկող համայնքապետ չպետք է լինի։











